Ովքեր կընդվզեն սակագնի թանկացման դեմ
Էլեկտաէներգիայի սակագնի հերթական սպասվող թանկացումը հերթական անգամ ոտքի է հանել քաղաքացիական հասարակությանը: «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 14-ին` ժամը 19:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ հանրային քննարկման` թանկացումը կանխելու և հետագա գործողությունների ծրագիր մշակելու համար:
Միանշանակ է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական ռեակցիա կառաջացնի, ու դրան կհետևի առաջին սպառման ապրանքների գների բարձրացում, իսկ տեղական արտադրողների արտադրանքն էլ ինքնարժեքի բարձրացման հետևանքով` կզիջի մրցակցային դիրքերը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով անցած շաբաթ ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարում էր, թե արտադրողները պետք է իրենց արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն, «168 ժամի» հետ զրույցում հրաժարվեց խոսել էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի մասին: «Ով բարձրացնում է, թող նա խոսի»,- ասաց Վ.Այվազյանը:
Մեզ հետաքրքրող թեմայի մասին լսելով` գործընկերոջ օրինակին հետևեց նաև ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն ու հրաժարվեց հարցազրույցից:
ՀԱԿ պատագամավոր Արամ Մանուկյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ սակագինը բարձրացնելու վերաբերյալ ՀԷՑ-ի հայտը դեռ պետք է հաստատվի, իսկ այդ ճանապարհին խնդիրներ կան, որ պետք է փորձեն հաղթահարել։ «Ինձ թվում է` իրենք հնարք են կիրառում, որ երբ ոչ թե 17 դրամով թանկացնեն, այլ 7-10 դրամով, որ սպառողն էլ շնորհակալ լինի, թե հանձնաժողովն այս ինչ հերոսաբար իջեցրեց հայտում ներկայացված գինը»,- ասաց Մանուկյանը:
Ըստ նրա` առաջարկվող սակագինը հիմնավոր չէ, որովհետև վերջին թանկացումը եղել է 2014-ի օգոստոսի 10-ին՝ 40%-ով, ու դա իրենց պարտքերը փակելու համար էր: Թե ինչ տեղի ունեցավ այս 7-8 ամսվա ընթացքում, որ նույն չափով թանկացման են բերում, ըստ Ա.Մանուկյանի, պարզ ու հիմնավոր չէ:
Պատգամավորը շեշտեց, որ էլեկտրաէներգիան իրավունք չունեն թանկացնելու ևս մի պատճառով` գազն էժանացել է սահմանին, իսկ ՀՀ-ն հոսանքի 30%-ը գազից է ստանում. «Այդ դեպքում ո՞նց է ստացվում, որ սահմանին գազի գինն իջնում է, համապատասխանաբար` հոսանքի գինը չեն իջեցնում, մի բան էլ թանկացնում են: Ուղղակի անխնա ծախսեր կան, շահույթն է շատ բարձր` 13 մլրդ դրամ է:
Իրենք շահագործման անսահմանափակ ծախսեր են անում, կորուստներն են մեծ ցույց տալիս և մեծ աշխատակազմ են պահում: Այդ ամենի հետ նաև բարեգործություն են անում, ու այդ բոլորը նստում է քաղաքացու ուսերին: 3 մլն դոլարի տարեկան բարեգործություն են անում: Մեկը հարցնող լինի` ի՞նչ բարեգործության մասին է խոսքը, եթե այդ թանկացման արդյունքում համակարգն է քանդվում:
Այստեղ միայն թանկացման խնդիր չի, այլ 2 լուրջ կորուստ է լինում` համակարգն է քանդվում, քանի որ սպառողների քանակն է նվազում: Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ` այս տարի առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի սպառումը 12%-ով նվազել է: Եթե հիմա նորից թանկացնեն, սպառողները կպակասեն: Ու եթե պակասում են, բեռն ընկնում է մուծողների վրա ու, բնականաբար, պետք է ավելի շատ մուծեն, որ փակեն: Վարկեր են վերցնում անխնա, ու դա կրկին քաղաքացու ուսերին են դնում»:
Ընդ որում, նկատեց Ա.Մանուկայնը, նույն երևույթը գործում է գազի դեպքում, և ընկերությունների անփույթ, անմարդկային ծախսերի արդյունքում, ոչ միայն քաղաքացին է հրաժարվում մուծել, այլև համակարգն է քանդվում: Նա չհամաձայնեց, որ հայտը հատուկ է ներկայացվել ՀԾԿՀ ապրիլի 24-ից հետո: Ըստ նրա` թանկացման դիմում են ամռանը, երբ հոսանքի սպառումը քիչ է, և ծախսի տարբերությունը շատ չի զգացվում, նաև ամռանը քաղաքական ակտիվությունն է նվազում, քիչ մարդ կարող է փողոց դուրս գալ, և օգտագործում են այս փորձված հնարքը:
Ձևավորվող հասարակական շարժման վերաբերյալ Ա.Մանուկյանը նշեց, որ ՀԾԿՀ-ն դեռ մի ամիս կձգձգի, կուսումնասիրեն քաղաքացիական ու քաղաքական դաշտը, հետո որոշում կկայացնեն: Նա վստահություն հայտնեց, որ ՀԾԿՀ որոշման վրա այլ մեթոդ, քան քաղաքացիական բողոքն է, չի կարող ազդել.
«Հասարակությունը պետք է արձագանքի ու աջակցի քաղաքացիական նախաձեռնություններին: Այդ դեպքում նրանք շատ զգույշ են լինում: Եթե ընդվզում չլինի, կարող է ներկայացված չափով էլ թանկացնեն, ու կարևոր չէ, թե տնտեսությունը կկանգնի, մարդիկ կտուժեն»:
ԱԺ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ դեռ չի ուսումնասիրել հայտը: Հարցին՝ արդյոք նախնական գնահատականով կա՞ն հիմքեր` էլեկտրաէներգիան շուրջ 40% թանկացնելու համար, Ա.Մինասյանը պատսախենց. «Դժվարանում եմ ասել` ինչ հիմքեր են ներկայացվել: Ամեն դեպքում 40% բարձրացումը կտրուկ բացասական է ազդելու երկրի տնտեսության վրա»:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` էներգետիկ համակարգում 24 մլրդ դրամի ընթացիկ պարտք է կուտակվել, ընդհանուրն ավելի շատ է` մոտ 250 մլն դոլար, բայց այս 24 մլրդ-ի խնդիրն առաջնային է, որպեսզի բնականոն գործունեությունը չխաթարվի: Նա նշեց, որ այդ պարտքը 2012-2013 սակագնային տարվանից է գալիս, որի մի մասն օպերատորը պետք է փակեր, մի մասը չփակեր, և այլն, բայց կուտակվել է, լրացուցիչ վարկեր են վերցել, և վարկունակությունը նվազել է:
Ըստ նրա` հայտի հիմնավորվածությունը ՀԾԿՀ-ն պետք է կարողանա գնահատել. «Բայց ես պետք է ասեմ, որ իմ մոնիտորինգը ցույց է տվել, որ դա աբսուրդ է, նման բան չի կարող լինել՝ 16-17 դրամով թանկացում: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ պետք է բարձր լարման ընկերությունների համար հզորության վճար ներմուծվի՝ 6000 և ավելի լարում ունեցողների համար, բացի սպառված էլեկտրաէներգիայի վճարից: Քանի որ իրենք իրենց պատվիրած հզորությունները չեն օգտագործում, այդ ռիսկը բնակչության վրա է տարածվում: Սա անթույլատրելի է: Սակագնի ձևավորման մեթոդաբանությունը պետք է կտրուկ փոխել, որ այդ հարցերը կլուծի: Լուծումը դա է` մինչև 250 կվտ սպառող բնակչության համար սակագինը թողնել նույնը, հզորների համար կիրառել հզորության վճար: Ցանկացած բեռ բնակչի վզին բարդելն անընդունելի է, քանի որ բնակիչը միշտ պարտաճանաչ վճարել է էլեկտրաէներգիայի դիմաց: Այսինքն` բիզնեսի ռիսկերը, պետական քաղաքականության մեթոդաբանական սխալը, անարդյունավետ քաղաքականությունը չպետք է բարդել բնակչության վրա: Ամեն դեպքում, ՀԾԿՀ-ն հայտը դեռ պետք է ընդունի, քննարկի 80 օրում, որոշում կայացնի: Դեռ հանրային քննարկումներ կլինեն, խմբակցություններում քննարկումներ կլինեն: Սպասենք, տեսնենք` ինչ գործընթացներ են լինում»,- ասաց Մ.Մելքումյանը: