Բուժիչ սոխի կճեպը
Allium cepa- սոխազգիների ընտանիքին պատկանող բույս է (Alliaceae)։ Սոխազգի բույսերը մոտ 900 են, կան դեկորատիվ տեսակներ։ Մեղրատու բույս է։ Մեղուն վերցնում է մեծ քանակությամբ ծաղկահյութ, մեղրը բաց դեղին է, ոչ թափանցիկ, ունի հակաալերգիկ եւ այլ բուժիչ հատկություններ։ Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս շաքարներ, 1,5-2 տոկոս սպիտակուցներ, բջջանյութ, եթերային յուղեր, պեկտին, լորձ, ֆերմենտներ, յոդ, ծծումբ, կիտրոնի եւ խնձորի թթուներ եւ շաքարային դիաբետի դեպքում օգտակար գլիկոզիդներ։ Կալցիումի (31 մգ), կալիումի (175), ֆոսֆորի (58) եւ մագնիումի (14 մգ) փոխհարաբերակցությունը սպիտակ կճեպ ունեցող սոխում շատ բարենպաստ է կալցիումի յուրացման համար։ Կանաչ սոխը պարունակում է 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 18 մկգ ֆոլացին, 1 մգ վիտամին E։ Գլուխ սոխը պարունակում է 10 մգ ասկորբինաթթու, 1,2 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 9 մկգ ֆոլացին, 0,2 մգ E։ Բույսը պարունակում է նաեւ B1, B2, B5, B6 վիտամիններ։ Սպիտակ սոխուկ եւ սպիտակ վերգետնյա սուրարմատ «ոտիկ» ունեցող պրասասոխը ավելի հարուստ է` 32 մկգ ֆոլացին, 1,4 մկգ բիոտին, 0,3 մգ պիրիդոքսին, 35 մգ ասկորբինաթթու, 0,1 մգ B1, 1,5 մգ E, քան այլ գույնի սոխերը։ Զիջում է նիկոտինաթթվի (0,5 մգ) քանակով։ Հայտնի է, որ սոխի կճեպը ինչ-որ չափով զտում է ջուրը, կճեպի թուրմն ամրացնում է մազերը, իջեցնում ճնշումը, բարերար ազդեցություն ունի սրտի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը, պայքարում է ալերգիայի դեմ։
Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։
Զգուշացում։ Սոխի օգտագործումը պետք է սահմանափակել` սիրտ-անոթային համակարգի, երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների եւ բացառել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Հիպերտոնիա.
- Խառնեք 50-ական մլ սոխի, արոսենու (սեւ) եւ 70 մլ դեղձի հյութերը եւ 1 թ/գ մեղր։ Խմեք 1-ական թ/գ, օրը 5 անգամ։
- Խառնեք 1 կգ սոխի քերվածք, 200 գ գոլ մեղր։ Խմեք մեկական ճ/գ` օրը 3 անգամ։
Պրոստատիտ.
- Աղացեք կանաչ սոխի սպիտակ մսոտ մասը (100 գ), ավելացրեք 600 մլ չոր սպիտակ գինի եւ 100 գ մեղր։ Տարան կիպ ծածկեք կափարիչով, 2 շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Պարբերաբար թափահարեք։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
- 20 գ սոխի կճեպը 5 րոպե եփեք թույլ կրակի վրա 700 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
- Խորովեք կամ խաշեք 1 միջին սոխ, կերեք երեկոյան։
Ոտքի ոլորում. Խառնեք 1 միջին սոխի քերվածքը 1 ճ/գ շաքարավազի հետ։ Խյուսը տեղադրեք ցավոտ մասին եւ ամրացրեք։
Կոտրվածք. Պատրաստեք 2 միջին սոխից սոխեռած։ Խառնեք 1 լ եռջրին եւ 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ հոդացավին։
Ոտքի կրունկի ճաքեր. Կտրատեք կանաչ սոխը, տրորեք։ Կատարեք ոտքերի տաք լոգանք, դրեք ստացված խյուսը կրունկին, ամրացրեք։ Հագեք գուլպաներ։ Կատարեք քնելուց առաջ, շարունակեք 1 շաբաթ։
Ջղակծկում. Մանրացրեք սոխի կճեպը, 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում, քնելուց առաջ։ Շարունակեք ըստ անհրաժեշտության։
Դիսբակտերիոզ. Խմեք 1-ական թ/գ սոխի թարմ հյութ` օրը 3-4 անգամ։
Գլխացավ.
- Խառնեք 1 ճ/գ մեղրը եւ 2 ճ/գ կանաչ սոխի սպիտակ մասի հյութը։ Խյուսը ամրացրեք քիմքին եւ (կամ) ծոծրակին։ Ուժեղ ցավի դեպքում կաթեցրեք 1-ական կաթիլ քթին եւ ականջներին (կօգնի նաեւ չիբանի դեպքում)։
- Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Երիկամների բորբոքում. Խառնեք 2-ական կգ սոխի քերվածք եւ շաքարավազ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնեք` մինչեւ մնա 2,5 լ սաթի գույնի զանգված։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Հնարավոր է` առաջանան ցավեր, քանի որ միջոցն ունի երիկամային քարերը լուծող հատկություն։ Պահեք սառնարանում։
Հարբուխ. Սոխի կճեպները լցրեք թավայի մեջ, դրեք կրակին, շնչեք օդը։
Մրսածություն. Խառնեք սոխի քերվածքը սագի տաք ճարպի հետ (1։2)։ Քսեք ցավոտ հատվածին, քնեք։
Անգինա.
- Խմեք 1-ական թ/գ սոխի հյութ` օրը 2-3 անգամ։
- Խառնեք 1-ական միջին սոխի եւ խնձորի քերվածք։ խմեք երկուական թ/գ, օրը 2 անգամ, թեյի հետ։
- Խմեք 1-ական թ/գ սոխի քերվածքի եւ մեղրի խառնուրդ (1։1), օրը 4 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։
Տեսողությունը լավացնող. Մանր կտրատեք սոխը, 24 ժամ թրմեք նախօրոք եռացրած սառը ջրում, փակ ապակե տարայի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Ականջի ցավ. Կաթեցրեք 1-2 կաթիլ սոխի հյութ։
Կոնյուկտիվիդ. Գոլացրեք 1 թ/գ մեղր, խառնեք 1 ճ/գ սոխի քերվածքին եւ թրմեք 2 ճ/գ գոլ (40 աստիճան C) ջրում, 30 րոպեից քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 1-ական կաթիլ, օրը 3-4 անգամ։ Պահեք հով տեղում։
Հոդացավ. Խառնեք 100 գ սոխի քերվածքը 50 գ մեղրին։ Քսեք թանզիֆին եւ ամրացրեք ցավոտ մասին, պահեք 20 րոպե։ Կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 7 օր։
Այրվածք. 1 խոշոր սոխը մանր կտրատեք, տապակեք 100 գ հալած յուղի մեջ, առանձնացրեք յուղը (քամեք)։ Երբ հովանա` սոխի քսուքով մշակեք այրվածքը։ Ունի վերքամոքիչ, հակաթարախային հատկություն։
Խպիպ. Աղացեք կանաչ սոխի սպիտակ մասը, լցրեք թանզիֆե պարկի մեջ, 2 ժամ դրեք թրջոց վահանագեղձի հատվածին, կապեք շալով։
Աթերոսկլերոզ. 350 գ սոխի քերվածքը լցրեք ապակե տարայի մեջ, կիպ փակեք։ Պահեք մութ տեղում այնքան ժամանակ, մինչեւ նստվածքն առանձնանա հեղուկից։ Առանձնացրեք հյութը եւ ավելացրեք 300 մլ օղի։ Ոգեթուրմը 10 օր պահեք մութ տեղում։ Քամեք թանզիֆով, 3 օրից կարող եք օգտագործել։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։
Գրիպ, մրսածություն.
- Քերեք (կճեպով) սոխի մոտ 0,5 սմ հաստությամբ մակերեսային շերտը։ Քերվածքը պահեք քթից 5-6 սմ հեռավորության վրա եւ 3-4 րոպե տեւողությամբ շնչեք այն, եթե նույնիսկ քթանցքները փակ են։ Օգտակար է հիվանդության սկզբում, կատարեք կես ժամը մեկ։
- Խառնեք հավասար քանակի սոխի քերվածք եւ խնձորի քացախ (9 տոկոս)։ Մեկ ժամից քամեք թանզիֆով, մնացած խյուսին խառնեք մեղր (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ։
- 20-25 գ սոխի հյութը եւ 1 թ/գ սխտորի յուղը լուծեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ։ Կաթեցրեք քթանցքներին 6-7 կաթիլ։
Օստեոպարոզ. Պատրաստեք կարագով սոխեռած 100 գ սոխից, ավելացրեք նախապես մաքրած կճեպը եւ սոխեռածի հետ միասին 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ։ Խառնեք հավասար քանակությամբ եղինջի, ձիաձետի, մատիտեղ թռչնի, եղեսպակի, սրոհունդի, դաղձի, պատրինջի խոտերը։ Հումքի 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք, միացրեք սոխի եփուկին։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 28 օր։
Բրոնխային ասթմա.
- Սոխի քերվածքը դրեք թիակների միջեւ, ծածկեք կալկայով, վրայից շալով ամրացրեք, պահեք 3 ժամ։ Կատարեք օրը մեջ։ Ընդամենը` 3 շաբաթ։
- 1 միջին սոխի քերվածքը խառնեք 0,5 ճ/գ մեղրի հետ։ Առաջին 30 օրը խմեք 1-ական ճ/գ, առավոտյան եւ երեկոյան` սնվելուց հետո։ Հաջորդ 30 օրը` 1 ճ/գ առավոտյան, եւ վերջին 30 օրը` 1-ական ճ/գ առավոտյան, սակայն օրը մեջ։
- Խառնեք 400-ական գ սոխի քերվածք, կարագ, շաքարավազ, 150-ական գ մեղր եւ հալվեի հյութ։ 3 ժամ պահեք ջեռոցի մեջ (40-50 աստիճան C)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Մազարմատներն ամրացնող. Խառնեք 1 հարած ձվի դեղնուց, 1 թ/գ կոնակ, 3 ճ/գ ձիթապտղի յուղ, 2ճ/գ սոխի հյութ։ Քսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, փաթաթեք սրբիչով։ Պահեք 1 ժամ։
Մազերի փայլ. Խառնեք հավասար քանակությամբ կեչու կեղեւ եւ սոխի կճեպ, 1 բաժակ խառնուրդին ավելացրեք 1 լ եռջուր, 1 ժամ պահեք թույլ կրակի վրա։ Թրմեք 10 րոպե։ Քսեք գլխամաշկին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք տաք շալով։ Պահեք 1-2 ժամ։ Լվացեք գլուխը տաք ջրով, առանց օճառի։
2012թ., փետրվար 11, «168 ԺԱՄ»