Չցանկանալով հրահրել Մոսկվային` ԵՄ-ն չի ցանկանում Ռիգայում լուրջ առաջընթաց արձանագրել. լեհ փորձագետ

168.am-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:

Պարոն Զաշտովտ, Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստը հայտնվել է մամուլում, որում որևէ ձևով հիշատակված չէ ԱլԳ առաջամարտիկ երկրների արձանագրած առաջընթացի մասին: Ըստ որոշակի տեղեկությունների` Ռիգայի գագաթաժողովը վիլնյուսյան տապալումից հետո որևէ հույս չի ներշնչում և էական արդյունքներ չի արձանագրելու այն դեպքում, երբ այս գագաթաժողովից ԱլԳ երկրները մեծ սպասումներ ունեին, հատկապես՝ ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին, երբ ավելի ու ավելի շատ է խոսվում ԵՄ շատ ավելի ակտիվ քաղաքականության մասին: Ի՞նչն է պատճառը, որ ԵՄ-ն մի կողմ է դրել կամ հետաձգել Ռիգայի գագաթաժողովի հետ կապված իր ծրագրերը:

– Օրինակ` ինչ վերաբերում է Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ կնքելու պայմանագրին, ապա Վրաստանն իրականացրել է այն բոլոր պահանջները, որոնք դրված էին իր առջև այդ պայմանագրի ստորագրման համար: Կարծում եմ, որ սա քաղաքական որոշում է, և Վրաստանը կստանա ազատ վիզային ռեժիմ, պարզապես հնարավոր է, որ այն հետաձգվի մի փոքր, քանի որ, եթե նույնիսկ հիմա հայտարարեն այդ որոշման մասին, ապա, միևնույն է, ռեժիմն ուժի մեջ է մտնելու 2016 թվականից, այսինքն` ԵՄ-ն չի ցանկանում շտապողականություն ցուցաբերել: Այնպես որ, նման որոշում շուտով կկայացվի, բայց կարծես թե՝ ոչ այս գագաթաժողովի ընթացքում:

ԵՄ-ն ակնկալում էր, որ ԱլԳ երեք երկրներում` Ուկրաինայում, Մոլդավայում և Վրաստանում, շատ արագ բարեփոխումներ տեղի կունենան: Իհարկե, դա կախված է մի շարք արտաքին և ներքին գործոններից: Եթե Ուկրաինան դիտարկենք, այնտեղ դժվար է բարեփոխումներ անցկացնել, քանի որ պատերազմ է ընթանում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այնտեղ մյուս տարի ընտրություններ են անցկացվելու, որի պատճառով Վրաստանը հապաղում է բարեփոխումների իրականացման հարցում, քանի որ բարձր է ռիսկը, որ հանրությունը դրանք այդքան էլ միանշանակ չի ընդունի, ինչպես սովորաբար պատահում է բարեփոխումների դեպքում: Մոլդավայում ևս որոշակի խնդիրներ կան: Այսինքն` կա մեծ տարբերություն հնարավորությունների և սպասելիքների միջև: ԵՄ-ն մեծ սպասելիքներ ուներ այս երեք երկրներից, որ այնտեղ արագ կերպով կանցկացվեն բարեփոխումներով, այնինչ այդ փաթեթն այդքան արագ դժվար է իրականացնել, և ԵՄ-ն ևս որոշում է հետաձգել իր ծրագրերը:

– Վերլուծաբանները դիտարկելով ԵՄ-ի այս քաղաքականությունը՝ պնդում են, որ ԵՄ-ն դասեր չի քաղել ուկրաինական պատերազմից: Չէ՞ որ այս բոլոր երկրները ռուսական սպառնալիքի տակ են և օր առաջ ցանկանում են արագացնել ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը, որը նրանց գուցե ավելի պակաս խոցելի դարձնի:

– Ուկրաինական ճգնաժամից հետո ռուսական սպառնալիքի մասին ԵՄ-ն գիտակցում է, քանի որ Ռուսաստանը պաշտոնապես է խոսում, որ ԱլԳ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար: ԵՄ քաղաքական գործիչները հասկանում են, որ Ռուսաստանը խոչընդոտելու է ԱլԳ երկրներ-ԵՄ մերձեցումը, սակայն ԵՄ շատ երկրներ կողմնակիցն են այս գործընթացների դանդաղեցմանը, պետք չէ շատ բան անել ԵՄ Արևելյան գոտում, քանի որ դա կարող է նյարդայնացնել Մոսկվային` նոր խնդիրներ առաջ բերելով Եվրոպական միության համար: Վախենալով Ռուսաստանից` ԵՄ-ում շատերը պարզապես չեն ցանկանում էլ ավելի խորացնել հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ:

– Այսինքն` այս մտայնությունն է գործելու նաև Հայաստանի՞ դեպքում, և Հայաստանը Ռիգայից էական սպասելիքներ չպե՞տք է ունենա:

– Հայաստանի դեպքն այլ է, քանի որ Հայաստանը միացել է Ռուսաստանի ղեկավարած Եվրասիական տնտեսական միությանը: Ես կարծում եմ, որ առավելագույնը, ինչ Հայաստանը կունենա Ռիգայում, հռչակագիրն է համատեղ հանձնառության մասին: Սակայն հետագայում, կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ բանակցային սեղանին կունենանք Ասոցացման համաձայնագիր՝ մի փոքր փոփոխված և վերանայված տեսքով, այսինքն` առանց առևտրային բաղադրիչի, ինչը հակասում է Եվրասիական տնտեսական միությանը: Դեռ հստակ չենք կարող ասել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ փաստաթուղթը կունենա այլ անվանում, կկոչվի ոչ՝ ասոցացում, բայց կունենա համարյա թե նույն ազդեցությունը՝ առանց առևտրային խորը հարաբերությունների: Շատ բան է կախված ուկրաինական հակամարտության ընթացքից, որը ԵՄ-ին մղում է զգույշ գործել և չհրահրել Մոսկվային:

Տեսանյութեր

Լրահոս