Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դեմ կոնսենսուս է ձևավորել. Սերգեյ Մինասյան

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատել նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որը որևէ դրական արդյունքի տեսանելի ապագայում չի հանգեցնի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում հաջողություններ արձանագրելու հնարավորությանն ու նախագահական հանդիպում կազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ցանկությանը:

Նա նշեց, որ բանակցային գործընթացում էական դրական արդյունքների սպասելն անիմաստ է նույնիսկ այն դեպքում, եթե հաջողվի մոտակա ժամանակահատվածում կազմակերպել նախագահների մակարդակով հանդիպում: Բայց, ըստ Մինասյանի, համանախագահները, բնականաբար, կաշխատեն այս ուղղությամբ,  որովհետև նման աշխատանքի միակ և գլխավոր նպատակը այնպիսի զարգացումների բացառումն է, որոնք կհանգեցնեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

«Սակայն որևէ լուրջ կանխատեսում ու հույս, որ այս ամիսների ընթացքում կարելի է բեկման գալ ԼՂ հակամարտությունում, չկա: Մյուս կողմից՝ պետք է նշել, որ ՄԽ համանախագահների ձևաչափը շարունակում է մնալ այն եզակի ձևաչափերից մեկը, որտեղ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, որը ԵՄ շահերն է ներկայացնում, շատ արդյունավետ համագործակցում են: Դա առանձնահատուկ մի իրավիճակ է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում: Այս ողջ ձևաչափի նպատակն է՝ փորձել թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, և, եթե հնարավոր է՝ փորձել մեղմել այն լարվածությունը, որն այսօր կա շփման գոտում»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Վերջինս համաձայն չէ կարծիքներին, թե իրավիճակը շփման գծում վերջին մեկ տարվա ընթացքում դուրս է եկել վերահսկողությունից: Նրա վստահեցմամբ` խոսքը պարզապես էսկալացիոն ալիքների մասին է, որոնք հրահրվում են հակամարտող միայն մեկ կողմի կողմից, որը փորձում է պահպանել լարվածությունը շփման գծում:

«Ալիևը շահագրգռված է, որ լարվածության որոշ մակարդակ պահպանվի՝ որպես քաղաքական և հոգեբանական ճնշում և՛ հայկական կողմի, և՛ միջազգային հանրության վրա: Վերջին իրադարձություններից հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանը չի փորձում անցնել կարմիր գիծը՝ հասկանալով, թե որքան թանկ կլինի պատերազմի գինը՝ բոլոր կողմերի, առավելապես՝ իր համար: Համանախագահները մշտապես առաջարկել են միջանկյալ լուծումներ. դիպուկահարների դուրսբերում առաջնագծից, և այլն, սակայն Ադրբեջանը դրան չի համաձայնում՝ մտածելով, որ իր միակ լծակը կկորցնի Հայաստանի և միջազգային հանրության նկատմամբ: Հետևաբար՝ կունենանք տեսանելի ապագայում այն իրավիճակը, որն ունենք այսօր»,- մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառմանն այն մասին, որ Հայաստանը բաց է խաղաղ կարգավորման գործընթացի համար, նա ասաց, որ Ադրբեջանի հարուցած անկայունությունը ԼՂ հակամարտության գոտում չի բխում ոչ մի արտաքին ուժի շահերից: «Չեմ վախենա ասել, որ Թուրքիայի շահերից ևս չեն բխում նման զարգացումները, որոնք կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից: Հետևաբար՝ Ադրբեջանն իր դեմ կոնսենսուս է ստեղծել ՄԽ համանախագահների շարքում: Միջազգային հանրության դիրքորոշումն է՝ զգուշավոր ճնշել Ադրբեջանին»,- ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս