Հայ գիտնականը Կանարյան կղզիներում կհամախմբի աշխարհի մտավորականներին
«Սթարմուս» 3-րդ փառատոնը հարգանքի տուրք կմատուցի Սթիվեն Հոքինգին և գիտության և Տիեզերքի մեծ մտքերը կգրավի դեպի Կանարյան կղզիներ
2015թ. ապրիլի 28-ին Թագավորական աստղագիտական ընկերությունը հայտարարել է, որը Տեներիֆեում (Կանարյան կղզիներ) արդեն երրորդ անգամ տեղի կունենա «Սթարմուս» (Starmus) փառատոնը: Միջոցառումը տեղի կունենա այդ կղզու վրա 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը: Փառատոնին ինտերակտիվ, անմիջական մասնակցություն կունենան աշխարհի առաջատար տիեզերագնացները, աստղաֆիզիկոսները և աստղագետները, հանրությունը նույնպես հրավիրված է գիտության, արվեստի և երաժշտության միջոցով բացահայտելու Տիեզերքի առեղծվածը:
«Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագրով 2016թ. միջոցառումը տեղի կունենա այս լեգենդար մարդուց ոգեշնչումով և այն գաղափարով, որ անհնար ոչինչ չկա: Միջոցառումների համապարփակ ծրագիրը կներառի դասախոսություններ, հրավիրված զեկուցումներ, «կլոր սեղան» քննարկումներ, բացառիկ երաժշտական կատարումներ, ստեղծագործական արվեստի ցուցահանդեսներ և այցելություն Տեներիֆեի աստղադիտարան:
«Տեիզերքի երկրպագուներն» ուրախ կլինեն լսել տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր և առաջատար աստղաֆիզիկոս դոկտոր Գարիկ Իսրաելյանի և երաժիշտ, աստղագետ դոկտոր Բրայան Մեյի զեկուցումները:
Այս մեծ անունների շարքը կհամալրեն աշխարհի առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և Նոբելյան մրցանակակիրներ, այդ թվում`
- Նեյլ դե Գրաս Թայսոն` աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացնող
- Էրիկ Բետզիգ` ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի 2014թ. դափնեկիր քիմիայի բնագավառում
- Գնդապետ Քրիս Հեդֆիլդ` տիեզերագնաց և Միջազգային տիեզերական կայանի առաջին կանադացի հրամանատար
- Հարի Կրոտո`անգլիացի քիմիկոս և Նոբելյան մրցանակի 1996թ. դափնեկիր քիմիայի բնագավառում
- Սըր Մարտին Ռիս` թագավորական աստղագետ, Քեմբրիջի համալսարանի տիեզերաբանության և աստղաֆիզիկայի պրոֆեսոր
- Ադամ Ռիս`աստղագետ, ֆիզիկոս և Նոբելյան մրցանակի 2011թ. դափնեկիր ֆիզիկայի բնագավառում
- Ռասլ Շվեյքարթ` տիեզերագնաց և գիտնական . ՆԱՍԱ-ի նախկին Ապոլոն (Apollo) շարքի տիեզերագնաց, ունեցել է ավելի քան 4000 ժամ թռիչք ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում
- Նեյլ Թյուրոք` գիտնական և ֆիզիկայի պրոֆեսոր, հանրամատչելի «Անեզր Տիեզերք Մեծ պայթյունի հետևում» գրքի համահեղինակ
- Քիփ Թորն` աստղաֆիզիկոս, ով իր կարիերան շաղկապել է գրական ստեղծագործություններին և կինոարվեստին:
Քննարկումները կհիմնվեն գիտության սահմանների ընդարձակման վրա և կշոշափվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գիտության և գիտական ֆանտաստիկայի կապը, թե ինչպես տեխնոլոգիաները կանդրադառնան մարդկության ապագայի վրա, և այլն:
«Սթարմուս» փառատոնի կայացմանն աջակցում է Տեներիֆե կղզու կառավարությունը և փառատոնի մտահղացման հեղինակ դոկտոր Գարիկ Իսրաելյանը: Նա փառատոնի գիտական խորհրդատվական կոմիտեի անդամ է: Կոմիտեում են նաև պրոֆ. Սթիվեն Հոքինգը, դոկտոր Բրայան Մեյը, լեգենդար ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, բրիտանացի ազգագրագետ, պրոֆեսոր Ռիչարդ Դոուքինսը:
«Մեր նպատակն է՝ «Սթարմուս» փառատոները դարձնել համընդհանուր բրենդ, որը կճանաչվի ոչ միայն պարզապես գիտնականների շրջանում, այլև կներշնչի և կգրավի հասարակության լայն զանգվածներին, ովքեր ունեն հետաքրքրություն Տիեզերքի, աստղագիտության, արվեստի, երաժշտության, գիտական ֆանտաստիկայի նկատմամբ: Հետևելով «Սթարմուս» 2-րդի հաջողությանը, որը բոլոր աստղագիտական փառատոների մեջ առավել հավակնոտ միջոցառումն էր, մենք մտադիր ենք է՛լ ավելի լավ կազմակերպել «Սթարմուս» 3-րդ փառատոնը: Մենք ուրախ ենք, որ Տեներիֆեն ևս մեկ անգամ կհյուրընկալի փառատոնը, սա լավագույն վայրն է, որտեղ կարող ենք բացահայտել Տիեզերքի գաղտնիքները և հասկանալ հորիզոնից այնկողմը»,- ասում է Գ. Իսրաելյանը:
Հասարակական կարևորագույն ծրագրերից է «Տեիդե «Սթարմուս» խնջույքը». սա մի կախարդական երեկո կլինի, ծանոթություն գիշերային երկնքին՝ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ և կենդանի երաժշտության ուղեկցմամբ: Այս ամենը տեղի կունենա Տեիդեի ազգային պուրակում: Տեիդեի ազգային պուրակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է, և շնորհիվ իր բարձր դիրքի, օդի քիչ աղտոտվածության՝ համարվում է աստղագիտական դիտումների համար աշխարհի լավագույն վայրերից մեկը և հայտնի գիտական այցելավայր է:
Տեներիֆե կղզու կառավարության նախագահ պարոն Կարլոս Ալոնսոն ասում է. «Հետևելով անցյալ տարվա փառատոնի հաջողությանը և մեծ հետաքրքրությանը երկնքի դիտումների հանդեպ` այս տարի նույնպես մենք ուրախ ենք հյուրընկալել այս հեղինակավոր միջոցառումը և միավորել այս մեծ մտավորականներին գիշերային դիտումների մայրաքաղաքում»:
«Սթարմուս» փառատոնի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ