Կոչը կարևոր է, բայց դրանից զատ պետք է հիմնավորումներ լինեն. Արծվիկ Մինասյանը` Հրանուշ Հակոբյանի կոչի մասին
«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան է՝ դա բավարա՞ր է, թե՞ ոչ և արդյոք միայն կոչը բավարա՞ր է: Կոչը կարևոր է, բայց դրանից զատ պետք է հիմնավորումներ լինեն, որ մարդիկ, ովքեր ներդրումներ պետք է կատարեն ավանդների տեսքով, նրանք պետք է վստահ լինեն, որ այդ գումարները՝ թե՛ ավադները, թե՛ մայր գումարները, թե՛ տոկոսադրույքները, երաշխավորված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը, որ յուրաքանչյուր սփյուռքահայ 1000 դոլար ներդնի հայկական բանկերում:
Ըստ Ա.Մինասյանի՝ երաշխավորությունների նվազագույն հնարավորություններ, իհարկե, կան, բայց սա դեռ բավարար չէ. «Ավելի շատ ներդրումային միջավայրի փոփոխելուն ուղղված գործողություն պետք է իրականացվի, որպեսզի արտասահմանյան ներդրումները և հատկապես սփյուռքահայերի ներդրումները լինեն երկարաժամկետ, վստահելի և ապահովեն տնտեսության կայուն զարգացում»:
168.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ հայ օլիգարխներն իրենց գումարները տանում են երկրից ու հայկական բանկերում չեն պահում, աբսուրդային չէ՞ այս կոչը, Ա.Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, երբեք աբսուրդային չէ, որովհետև ցանկացած մեծահարուստ` կլինի օլիգարխ, թե այլ անձ, ինքնուրույն որոշում է կայացնում կապիտալի տեղաբաշխման մասով: Իսկ եթե խոսում են ընդհանուր ներդրումային միջավայրը բարելավելու և վստահության վերականգման մասին, սա հիմնարար լուծում է պահանջում և չպետք է հակադրել դա այս կոչերին: Կոչը, իհարկե, լավ բան է, և միայն սփյուռքի նախարարը չէ, բոլորը պետք է կոչ անեն: Բայց կոչից զատ՝ անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքները ապահովեն, որ մարդիկ իրենց ներդրումերի մասին որոշում կայացնելիս վստահ լինեն»: