ՀՀ սպառողները գազի գնի համար ՌԴ-ից դժգոհելու պատճառ չունեն, սպառողին հասնող գնի պատասխանատուն հայկական կողմն է. Սիմոնով

«Գազի գինը Հայաստանի համար ամենաէժաններից է աշխարհում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի առեղծվածային փոփոխություններին: Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն էր ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդեռնիզացման աշխատանքներում»,- հայտարարել էր Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում: Հետաքրքրականն այն է, որ ավելի ուշ պարզ է դարձել, որ ՌԴ-ի կողմից իջեցված գազի գինը չի նվազի նաև ՀՀ սպառողի համար:

168.am-ի հետ պարզաբանելով հարցը՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանն ասել է, որ դա հնարավորություն է տալիս գնահատել ՀՀ ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով: Այսինքն, ըստ նրա, սահմանին գազի էժանացումը թույլ կտա խուսափել փոխարժեքի պատճառով ներքին շուկայում սպասվող թանկացումից: Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե սա ՌԴ-ի կողմից ցուցադրական, քաղաքական քայլ էր՝ ցույց տալու համար, որ ԵՏՄ անդամակցությունն այդքան էլ անիմաստ չէ Հայաստանի համար, քանի որ հունվարի 2-ից հետո ՀՀ-ում տեսանելի չեն եղել ԵՏՄ անդամակցության առավելությունները` Սիմոնովն ասաց, որ ԵՏՄ-ի շուրջ առկա ճգնաժամն այլ հարց է, գազի գնի նվազեցման քաղաքականությունը` այլ:

Նրա խոսքերով՝ ՀՀ սպառողի համար գազի գնի նվազեցման պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, և բոլոր հարցերը պետք է ուղղել հայկական կողմին: Սիմոնովի համոզմամբ` եթե ՌԴ-ն սահմանին նախկինից ավելի մատչելի գներով է գազ վաճառելու հայկական կողմին, հայկական կողմն այն կարող էր նվազեցնել նաև հայ սպառողի համար: Այնինչ, ռուս վերլուծաբանի համոզմամբ՝ այդ որոշման հիմքում մի շարք դրդապատճառներ են ընկած, որոնք իր համար ամբողջովին հասկանալի են: «ՀՀ բնակչությունը ՌԴ-ից չի կարող բողոքել գազի գնի համար, այն ամենաէժաններից է ամբողջ աշխարհում»,- ասաց Սիմոնովը:

Սիմոնովի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս