Ռիսկը բարձր է, որ Թուրքիան իր նկատմամբ ճնշումներին կպատասխանի կրտսեր եղբոր միջոցով` սրելով իրավիճակը Ղարաբաղի շուրջ. Ստյոպա Սաֆարյան
168.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
– Պարոն Սաֆարյան, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից հետո Օլանդին և Պուտինին հիշեցրել է ԼՂ հակամարտության մասին՝ նշելով, որ նրանց այցը Երևան կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքությունը: Նա նույնիսկ կոչ է արել «լուրջ մոտենալ ԼՂ հակամարտությանը»: Ի՞նչ կարելի է սպասել միջոցառումներից հետո առաջացած հայ-թուրքական լարվածությունից:
– Մենք միշտ հակառակ դասավորությունն ենք դիտարկել, թե ինչպես է ԼՂ հակամարտությունն անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա, բայց վերջին տարիներին, կարծում եմ, որ շատ էական է քննարկել, թե ինչպես են ազդում հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության գոտու դինամիկայի վրա, թե ինչպես է Անկարայի նկատմամբ ճնշումները թուլացնելու նպատակով Թուրքիան՝ որպես շեղող միջոց, օգտագործում ԼՂ հակամարտությունը, հասկանալով, որ իր շուրջ ինչ-որ բան է կատարվում, ճնշումները մեծանում են, իսկ դրանից խուսափելու լավագույն ձևն ադրբեջանցիներին ԼՂ հակամարտության գոտում լարվածության մղելն է: Թերևս, անցած տարի մենք հենց նման գործընթացի ականատեսը դարձանք. թուրքական հետքն անցած տարվա բոլոր իրադարձություններում, այդ թվում՝ ամռանը, աշնանը, մինչև անգամ՝ ուղղաթիռի խոցմանը, ադրբեջանական արկածախնդրության հարցում չափազանց տեսանելի էր: Դա արվում էր Հայաստանի համար արտաքին քաղաքական նոր ճակատ բացելու հեռահար ցանկությամբ, ինչը, իհարկե, չհաջողվեց:
Ներկայում այս լարվածությանը, որն առաջացել է Թուրքիայի և Հայաստանի միջև Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումների արդյունքում, Թուրքիան ինչ-որ կերպ պատասխան է տալու, այդ թվում՝ իր կրտսեր եղբոր միջոցով: Հիշենք, թե ինչպես անցած տարվա սեպտեմբեր ամսին Ադրբեջան այցելած և՛ Էրդողանը, և՛ Դավութօղլուն բացահայտ հայտարարեցին, որ իրենք միասնական են Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ համատեղ պայքարում: Պետք է հասկանանք, որ այս ամենի տակ ոչ միայն համատեղ միջոցառումներն են, ցույցերն են, որոնք անցկացվեցին Վաշինգտոնում, այլ այն, որ Ադրբեջանը դա անում է ռազմական արկածախնդրություն հրահրելով և սադրանքների դիմելով սահմանին: Հետևաբար, այո, ռիսկը բավականին մեծ է, որ Թուրքիան իր նկատմամբ ճնշումները թուլացնելու, իր շուրջ ուշադրությունը տարրալուծելու համար փորձում է ԼՂ հակամարտությունն օգտագործել:
Թերևս, Թուրքիային պետք է հիշեցնել, որ եթե խոսում է այս կամ այն պետության անաչառության մասին և դիտարկում է այդ երկիրը ՄԽ-ից դուրս դնելու հարցը, ապա Թուրքիան ինքը պետք է հասկանա, որ ինքը պետք է դուրս հայտնվի Մինսկի գործընթացից: Չէ՞ որ համանախագահները երեքն են, իսկ խումբը բաղկացած է մի շարք պետություններից, այդ թվում՝ Թուրքիայից: Հետևաբար, եթե Թուրքիան ակնարկում է այդ ձևաչափից որևէ երկրի դուրսբերման հարցը, ապա, թերևս, առաջին դուրբերվելիք պետությունը Թուրքիան պետք է լինի: Սա պետք է լինի պաշտոնական Երևանի պատասխանը: Պաշտոնական Երևանի պատասխանը պետք է լինի նաև հսկողությունը սահմանին, որպեսզի մենք որևէ կորուստ չունենանք:
– Ռուսական կողմն արդեն երկու անգամ առաջարկում է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև, քանի որ, Լավրովի խոսքով, հասունացել է հայ-թուրքական կարգավորման պահը: Միևնույն ժամանակ՝ Ղազախստանը չի դադարում խոսել Թուրքիայի՝ ԵՏՄ անդամակցության հեռանկարների մասին: Ի՞նչ կարելի է սպասել ռուսական միջնորդությունից, և հատկապես Թուրքիայի ԵՏՄ անդամակցությունը որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում:
– Թերևս, պետք է անհանգստանալ ոչ թե Մոսկվա-Անկարա առանցքից, որքան Մոսկվա-Բաքու առանցքից, որովհետև Ադրբեջանը եվրասիականացնելու նպատակը Մոսկվայի համար շատ ավելի կարևոր է, քան Թուրքիային ԵՏՄ անդամակցությունը, որը ժամանակ առ ժամանակ արծարծվում է Թուրքիային սիրաշահելու նպատակով: Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումն օբյեկտիվորեն սահման ունի, եթե նրանք այսօր տակտիկական գործընկերներ են, միևնույն ժամանակ՝ ռազմավարական ախոյաններ են. Թուրքիայի հեռահար նպատակներից մեկը Կովկասում գերիշխող դիրքեր ձեռք բերելն է, ինչը հակասում է ՌԴ շահերին:
Ադրբեջանի պարագան մի փոքր այլ է, հենց դրա համար ռուս-ադրբեջանական առանցքից պետք է վտանգներ սպասել, գործարքներ ԼՂ հակամարտության հաշվին: Իհարկե, եկեք հասկանանք, որ մի քանի դիվանագիտական քայլեր, որոնք տարբեր մեկնաբանություններ են ստանում, պարզապես արվեցին թուրք-ադրբեջանական զայրույթը մեղմելու նպատակով: Պատահական չէր Օլանդի այցն Ադրբեջան, պատահական չէր ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Այս ամենն Ադրբեջանին ավելի շատ հանգստացնելու և, այո, նաև ՄԽ համանախագահ երկրների չեզոքությունը ցուցադրելու նպատակ էին հետապնդում: Ես դրանց լուրջ չեմ վերաբերվում, քանի որ իրականում խնդիրը խոր փակուղու մեջ է, և դժվար թե այս պահին դրա լուծումը գտնվի, բայց այս պահին Ֆրանսիան ու Ռուսաստանը պետք է անեին քայլեր, որպեսզի չընդգծվեր իրենց կողմնակալությունը հայերի օգտին: Հետևաբար՝ այդ հայտարարությունները դիտարկում եմ՝ դիվանագիտական ժեստի մակարդակի դրսևորումներ:
– Վտանգների մասին խոսեցիք: Արդեն լարվածության բարձր մակարդակ ունենք ԼՂ հակամարտության գոտում, ո՞րը պետք է լինի այն գինը, որը, ըստ Ձեզ, ՌԴ-ն կստիպի Հայաստանին վճարել Ադրբեջանի եվրասիականացման դիմաց:
– Մոսկվան ինքն այսօր մեծ ընտրությունների հնարավորություն չունի, որովհետև գործարքի, որն Ադրբեջանը փորձում է կայացնել այս վերջին տասնամյակների ընթացքում որևէ երկրի հետ, բանաձևը հետևյալն է՝ «նավթ ու գազ՝ Ղարաբաղի դիմաց», «ԵՏՄ անդամակցություն՝ Ղարաբաղի դիմաց»: Բաքվում տարբեր շուրթերով հնչել են նման առաջարկներ, և, թերևս, Ադրբեջանը հերթական անգամ վճարամիջոց պահանջում է Ղարաբաղը:
Բայց Մոսկվան ինքն էլ հրաշալի գիտակցում է, որ դա անհնար բան է, որովհետև չի կարող հայերից Ղարաբաղը վերցնել, լավագույն դեպքում կարող է նպաստել, որպեսզի ռազմական արկածախնդրություն տեղի ունենա, որտեղ Ադրբեջանը հասնի ինչ-ինչ հաջողությունների, և այս առումով իր սպառազինությունների վաճառքը կարող ենք մեկնաբանել հենց այս դաշտում: Մոսկվան ինքն էլ հրաշալի գիտի, որ Ղարաբաղ վերցնել հնարավոր չէ, քանի որ դա բավականին ռիսկային և ավանտյուրիստական պլան կարող է լինել: Հետևաբար՝ պատահական չէ, որ նույն կրեմլյան ծաղրածու Ժիրինովսկին հայտարարում է, որ ԼՂ հակամարտության միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Մոսկվայի ենթակայության ներքո: Այս մեսիջները չպետք է դիտարկենք միայն՝ որպես ծաղրածուների հայտարարություններ: Դրանք լուրջ քաղաքական տեքստեր են, որոնք, եթե նույնիսկ իրականանալի էլ չեն, այնուամենայնիվ, նպատակ ունեն ինչ-ինչ խնդիրներ լուծել: