«Մեր պաշտպանյալներին ազատությունից զրկել էին ապրիլի 24-ի միջոցառմանը չմասնակցելու համար»

Ասում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների պաշտպան
Արա Զաքարյանը

– Պարոն Զաքարյան, նախաքննությունն ի՞նչ ընթացքում է: Ձեր պաշտպանյալների հետ ակտիվ քննչական գործողություններ կատարվո՞ւմ են:

– Որևէ ակտիվ գործողություն մեր պաշտպանյալների մասնակցությամբ չի կատարվում: Մենք տեղեկացել ենք, որ նշանակվել էր փորձաքննություն՝ պարզելու՝ առգրավված առարկաները հանդիսանո՞ւմ են որպես զենք, թե՞ ոչ: Որևէ այլ տեղեկություն չունեմ: Իմ խորին համոզմամբ՝ այդ փորձաքննությունը չէր կարող պարզել գործի համար ոչ մի նշանակություն ունեցող հանգամանք, և կարծում եմ, որ փորձաքննության նշանակումը և փորձաքննության կատարումն ուղղակի նրա համար է, որպեսզի ցույց տրվի, որ քննչական մարմինն ուզում է ինչ-որ գործողություններ կատարել՝ ճշմարտությունը պարզելու համար:

– Կարծիքներ կային, որ ապրիլի 24-ից հետո այս գործով կալանավորվածները կարող են ազատ արձակվել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կստանա գործի նախաքննությունը, գործը դատարան կուղարկվի՞:

Կարդացեք նաև

– Գործը դատարան հասնելու հարցին չեմ կարող պատասխան տալ, բայց, այնուհանդերձ, եթե քննչական մարմինը խելամիտ գտնվի, ես կարծում եմ՝ բնականաբար, ոչ անմիջապես հիմա, որովհետև այս պարագայում ակնհայտ է դառնալու, որ մեր պաշտպանյալներին ազատությունից զրկել էին ապրիլի 24-ի միջոցառմանը չմասնակցելու համար, այլ որոշակի ժամանակ հետո նրանց խափանման միջոցները կփոխեն, ազատ կարձակեն, իսկ հետագայում արդեն երևի գործը կիսասառեցված կմնա՝ մինչև որոշեն, թե ինչ են անելու:

– Այսինքն՝ Ձեր կարծիքով, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ազատությունից զրկելը հիմնականում նպատակ ուներ թույլ չտա՞լ նրանց մասնակցել ապրիլի 24-ին նախատեսվող միջոցառումներին:

– Այո, միանշանակ հիմնական նպատակը դա էր:

– Վերաքննիչ դատարանը մերժեց Ձեր` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումների դեմ բողոքները: Ստացե՞լ եք վերաքննիչ դատարանի որոշումները:

– Ոչ, չենք ստացել:

– Իսկ այդ որոշումները պատրաստվո՞ւմ եք վիճարկել վճռաբեկ դատարանում:

– Միանշանակ վիճարկելու ենք, որովհետև որոշումներն իրավաբանության հետ որևէ կապ ունենալ չէին կարող, դրանք առավել շատ քաղաքական որոշումներ են:

– Պարոն Զաքարյան, նշել էիք, որ «100-ամյակը` առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, և դրանց մի մասը դրվել է նրան առաջադրված մեղադրանքի հիմքում: Դրանք ի՞նչ առնչություն ունեն նրան առաջադրված մեղադրանքի հետ, և արդյոք կատարվել են դատարանի՞ որոշմամբ և ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում:

– Կապ չունեն: Դատարանի որոշմա՞մբ է, թե՞ ոչ, ոչ մի տեղեկություն չունեմ: Նախաքննական մարմինն էր պարտավոր բերել, ապացույցներ ներկայացնել դատարանին, որ դա արել է դատարանի որոշման հիման վրա, ինչը չի արել: Ժամանակահատվածի վերաբերյալ էլ ոչ մի տեղեկություն չունեմ, որովհետև, ըստ քննչական մարմնի ներկայացրած արձանագրության, երևում է միայն 2014թ. մայիսի վերջերից մինչև օգոստոսի վերջերը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործով նախաքննությունը շարունակվում է: Ինչպես հայտնի է, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, դատարանի որոշմամբ՝ նրանք կալանավորված են:

Տեսանյութեր

Լրահոս