Բաժիններ՝

Ռիտա Սարգսյանը Պուտինին Ղարաբաղ է հրավիրել

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած արարողության  մասնակիցներից մեկը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինայի հայկական ծագման մասին ուշագրավ զրույցից բացի, նաև նրան Ղարաբաղ է հրավիրել: Երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտում էր զրույցը՝ հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Ռ. Սարգսյանն ասել է. «Լավ կլիներ, եթե այստեղ ներկա չորս նախագահները միասին այցելեին նաև Ղարաբաղ, ինչպես դա ժամանակին արել էր Բորիս Ելցինը»: Պուտինը զարմացել է՝ «Բորիս Նիկոլաևիչը եղե՞լ է Ղարաբաղում»: ՀՀ Առաջին տիկինը հիշեցրել է. «Այո, խաղաղարար այցով ժամանակին Ելցինը և Նազարբաևը միասին եղել են Ղարաբաղում», ինչին ի պատասխան՝ Վ. Պուտինը ժպտալով ասել է. «Դե ինչ, կարելի է մտածել», ապա վերարկուն հանելով՝ մոտեցել է հարթակին՝ ելույթ ունենալու:

Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ՀՀ էին այցելել  Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր Asekose.am-ը հրապարակել էր Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև մեկ այլ զրույցի մասին: Երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիթատրոնի առաջին շարքում ՀՀ Առաջին տիկնոջ կողքին նստած ՌԴ նախագահն ասել է.

– Հիանալի ռուս երգչուհի է:

Կարդացեք նաև

– Այո, հիանալի երգչուհի է, բայց Գուլեգինան հայուհի է,- շշնջացել է Ռիտա Սարգսյանը:

– Վստա՞հ եք,- հարցրել է Վլադիմիր Պուտինը:

– Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,- պատասխանել է Ռիտա Սարգսյանը, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է`

– Մտքովս չէր անցնի …

Կայքը հիշեցրել է, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի «Կռունկը», որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս