Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց իր արգենտինացի գործընկերոջը

Ապրիլի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց իր արգենտինացի գործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար։

Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության շուրջ:

Երկուստեք ընդգծվեց ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարևորությունը: Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնեց Արգենտինային՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։

Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոն եղևնի տնկեցին Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ավանդի:

Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորեց Արգենտինայի կողմից դեռ 1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծեց հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս