Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անձակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:
«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- ասաց նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:
«Տասերորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցեց մայրերի հետ, հետաքրքրվեց նրանց և երեխաների առողջական վիճակով:
«Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:
Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ և չորս տղա: Չեր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ:
«Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով ասաց մայրը, որի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:
ՀՀ առողջապահության նախարարություն