
Թուրքիայի տարբեր շրջաններում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր վայրերում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրա շրջանակներում մի խումբ անձինք Ստամբուլում ծաղկեպսակներ են դրել այն տների առջև, ուր նախկինում ապրել են հայ մտավորականներ Կոմիտաս վարդապետը, Ավետիս Նաղաշյանը ու Ռուբեն Սևակը:
Այդ միջոցառմանըմասնակցել են նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, HDP-ից պատգամավորական թեկնածուներ առաջարկված Լևենթ Թյուզելը և Գարո Պալյանը:
Բացի այդ, հիշատակի միջոցառմանը մասնակցել է Ռուբեն Սևակի թոռը՝ Ռեհան Սալերի Սարըբայը: Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Ստամբուլի այլ հատվածներում: Դիարբերքիրի ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են 100 անգամ: Եկեղեցում մատուցվել է պատարագ: