Ցեղասպանության հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում է անոփոփոխ. այն չունի և չի կարող ունենալ արդարացում. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել:

Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անոփոփոխ. այն չունի և չի կարող ունենալ արդարացում.

«Միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն բան, որպեսզի անցյալի աղետալի իրադարձությունները չկրկնվեն երբևէ, որպեսզի ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության ու համաձայնության մեջ՝ չիմանալով սարսափների մասին:

Ռուսաստանը սրտանց կարեկցում է հայ ժողովրդին, ով վերապրել է մարդկության պատմության ամենասարսափելի աղետներից մեկը: 1915 թվականի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դրանք ընդունվել են որպես սեփական վիշտ:

Հարյուր հազարավոր անպաշտպան և տանիքը կորցրած հայեր ապաստան են գտել Ռուսաստանի տարածքում և փրկվել»: Պուտինի խոսքերով՝ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնության միջազգային դատապարտմանը.

«Հայաստանի ու Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հոգևոր մերձեցմամբ ու փոխադարձ աջակցությամբ: Այդպես եղել է թե՛ հարյուրամյա վաղեմության դրամատիկ իրադարձությունների ժամանակ, թե Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, թե Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Եվ այսօր էլ մենք սգում ենք հայ ժողովրդի հետ»:

Պուտինն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում անցկացվելու է ավելի քան 2000 հիշատակի միջոցառում, որոնց մասնակցելու են ոչ միայն Ռուսաստանի հայերը, այլև՝ այլ ազգությունների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:

 

Տեսանյութեր

Լրահոս