ԵՄ-ն կարող է ռազմական գործողություն սկսել Միջերկրական ծովում
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենում ԵՄ-ի արտակարգ գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվելու է Միջերկրական ծովում գործող մաքսանենգների բանդաների դեմ պայքարում զինված ուժերին ներգրավելու մասին առաջարկը:
Գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է հանցավոր բանդաների նավակները կալանելու ու ոչնչացնելու հարցում ռազմանավերի ու ավիացիայի ներգրավման հնարավորությունը: ԵՄ երկրները կարող են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին լիազորել՝ անհապաղ սկսել հնարավոր ռազմական գործողության նախապատրաստությունը:
Ապրիլի 19-ին ներգաղթյալներին տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհվեց 800 մարդ, ինչը դարձավ Միջերկրական ծովում ներգաղթյալների հետ կապված խոշորագույն աղետը: Դրանից հետո ԵՄ երկրները պայմանավորվեցին գումարել արտակարգ նիստ՝ քննարկելու համար մաքսանենգներին հակազդելու միջոցները:
Այս տարի Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս զոհված ներգաղթյալների թիվը հասել է 1800-ի: 2014 թվականին Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից Իտալիա է տեղափոխվել 170.000 փախստական: