«Թուրքիան պետք է ճանաչի և ներողություն խնդրի հայերից». Թուրքիայի Կանաչների կուսակցության համանախագահ
«Երկար տարիներ Օսմանյան կայսրությունում հայեր են ապրել և Ցեղասպանության են ենթարկվել, բայց Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Թուրքիան պետք է ճանաչի և ներողություն խնդրի հայերից: Մենք դրա համար այստեղ ենք եկել, Թուրքիան ստիպված է ճանաչել Ցեղասպանությունը»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Թուրքիայի Կանաչների կուսակցության համանախագահ Նաաջի Սյոնմեսը:
Ըստ նրա՝ Թուրքիան հիմա մի ժամանակշրջան է ապրում, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում հասարակության մեջ, պայքար է ընթանում մշակութային առումով իր պատմության հետ առերեսվելու համար: Ըստ Նաաջի Սյոնմեսի՝ Հռոմի պապի հայտարարությունից հետո հասարակության մակարդակով փոփոխություն է եղել, որոշակի արգելքներ հաղթահարվել են: Նա նշեց, որ Հայստանում են Ժողովրդավարություն կուսակցության անդամները, որը Թուրքիայում պայքարում է ժողովրդավարության հաստատման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ըստ նրա՝ ընտրություններից ընտրություն այդ կուսակցությունը հետզհետե զարգացում է ապրում:
«Իհարկե, ճանաչման վախ կա, բայց Թուրքիայում էլ հայ համայնքը փորձում է թուրքերին հասկացնել, որ ոչ մի օգուտ չկա այդ վախից, և կարելի է ընդունել Հայոց ցեղասպանությունը և փորձել եղբայրություն հաստատել, հետևանքները վերացնել, որ կարողանանք նույն հարկի տակ ապրել: Հայերը հնագույն ժողովուրդ են այնտեղ և նրանց ճակատագիրը կապված է այդ հողի հետ: Կարծում եմ, որ պահանջատիրության, հողային հարցը երկրորդական հարց է, հետագայի հարց է, այսօր կարևոր է, որ խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում,- ասաց թուրք պատգամավորը և հավելեց,- Մենք ցանկանում են խաղաղություն հաստատել, որպեսզի սահմանները բացվեն առանց որևէ նախապայմանների»: