2005 թվականին Հայաստանին առաջարկեցինք պատմական հնարավորություն. Դավութօղլու

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում ընդունել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտին: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.

«Մենք զիջումների չենք գնալու, գլուխ չենք խոնարհելու պատմություն չիմացողների, պատմություն չուսումնասիրածների քաղաքական ճնշումների առջև: Հուսով ենք, որ երրորդ երկրների կողմից զգուշավոր քայլեր կարվեն այդ թեմայի շուրջ:

Վերջին 10 տարում և, մասնավորապես, 2005 թվականին մեր խորհրդարանի որոշմամբ` Հայաստանին առաջարկեցինք պատմական հնարավորություն: Առաջարկեցինք ձևավորել համատեղ պատմական հանձնաժողով և միասին քննել այս ողջ պատմությունը: 2009 թվականին ստորագրեցինք արձանագրությունները, որոնք, սակայն, հետաձգվեցին: Այս տարի Հրանտ Դինքի մահվան տարելիցին ցավակցական ուղերձ հղեցի»:

Դավութօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ էլ իր ապրիլքսանչորսյան ելույթում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: Դավութօղլուն հայտարարել է, որ Օբամայի նախագահության փորձը վկայում է, որ այդպես էլ լինելու է:

Դավութօղլուն հաստատել է նաև մամուլի այն հրապարակումը, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և խնդրել է, որ Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չընդունի Թուրքիայի համար «վիրավորական որոշում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը 2005 թվականի ապրիլին նամակ գրեց Հայաստանի տվյալ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով հիմնել պատմաբանների համատեղ հանձնաժողով ` ուսումնասիրելու արխիվները և պատմական գրառումները:

Տեսանյութեր

Լրահոս