«Պետք է գտնես կյանքը, որպեսզի հաղթես մահին և քեզ սպանողներին»
«Պետք է հաղթես քեզ սպանողներին»,- այս մասին այսօր ասաց Ռուանդայի ցեղասպանության վերապրող, սոցիոլոգ, հոգեթերապևտ Էսթեռ Մուջավոյուն Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում:
Նա տեղեկացրեց, որ 1994 թվականի ապրիլին նա Ռուանդայում է եղել, վերապրել, գոյատևել մի իրավիճակում, երբ բոլոր թութսիներն, այդ թվում ինքը, թիրախավորված էր: «Բոլորին սպանեցին, հորս, քրոջս, ամուսնուս, սկեսրոջս, սկեսրայրիս, մորաքույրներիս, երբ եկա Հայաստան, հիշատակելով այս ամենը, գալիս եմ, որպես քույր, ցավի քույր, քույր, որին թիրախավորել են ցեղասպանության համար: Ցեղասպանություն նշանակում է, որ դու պետք է մահանաս , քանի որ դու ծնվել ես թութսի: Բայց ես գալիս եմ այստեղ որպես քույր ոչ միայն ցավակցելու, այլ վերապրողի դրականը բերելու, ես տոկունության քույր եմ: Սա ցեղասպանություն էր ընդդեմ թութսի ցեղի: Ես կարծում եմ, որ դա նման է ծառի, երբ կտրում են ծառի բոլոր ճյուղերը. բայց ծառն արմատախիլ արված չէ, արմատները կան և դու տեսնում ես այդ ճյուղերը, որոնք նորից աճում են: Դա ես տեսնում եմ Հայաստանում` տեսնելով երիտասարդ կամավորներին: Կարծում եմ, որ փորձի փոխանակումը շատ կարևոր է»,- ասաց ցեղասպանություն վերապրածը: Նա նշեց, որ շատ դժվար է ապրել գիտակցելով, որ հնարավոր էր այն ժամանակ, որ թութսի ժողովուրդը կենդանի մնար, բայց քաղաքական կամք գոյություն չուներ:
«Դու չունես նույն արժեքը, ինչ այլ մարդ արարած: Երբ քեզ գտնում ես Ցեղասպանությունից հետո, դու մենակ ես, դատարկ, ո՞վ ես դու, եթե ոչ մեկ չունես այլևս: Ես ինչ-որ մեկի քույրն էի, կինն էի, ինչ-որ մեկի մորաքույրը և նրանք այլևս չկան, բայց դու պետք է ապրես հիշողությամբ այդ մարդկանց, պետք է ապրես նրանց հիշողությամբ: Մենք եղանակ պետք է գտնենք աշխատելու այդ հիշողության հետ, եթե մենք ցանկանում ենք առաջ ընթանալ: Պետք է գտնես կյանքը, որպեսզի հաղթես մահին և քեզ սպանողներին»,- ասաց Էսթեռ Մոջավոյին: