«Օբաման, ըստ երևույթին, չի գործածելու Ցեղասպանություն բառը». Սևան Արթին
«Դժբախտաբար, շատ սպասելիք չունենք ԱՄՆ կողմից, հատկապես նկատի ունենալով, որ այս օրերին Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը Վաշինգտոնում է: ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքն ունի Միջին Արևելքի դեպքերի հետ կապված և դրա պատճառով հայկական հարցի վերաբերյալ շատ ասելիք չունի: Ըստ մեր տեղեկությունների, որ երեկ հադիպել են ԱՄՆ Հայ դատի գրասենյակի և Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչները, Օբաման ըստ երևույթին չի գործածելու Ցեղասպանություն բառը»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անգլիայի Հայ դատի պատասխանատու Սևան Արթինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությունը ֆինանսների նախարար Ջեկ Լյուին՝ գլխավորելու ամերիկյան պատվիրակությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Հարյուրամյակի միջոցառումներին «ի համեարշխություն հայ ժողովրդի»։
Ըստ Արթինի՝ այս օրերին ամբողջ աշխարհը զբաղված է Ցեղասպանության հարցով, հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ում բոլոր ԶԼՄ-ները խոսում են հայկական հարցի մասին. «Այս ֆորումում մարդիկ հավաքված են խոսելու համար՝ ասելու, որ պետք է շարունակենք աշխատանքները: Այսինքն՝ 100-րդ տարելիցը վերջը չէ, աշխատանքներ շատ կան անելու, 100-րդ տարելիցը ցունամիի նման աղմուկ է ստեղծել և պետք է ավելի մեծ աշխատանքներ տանել: Այս ֆորումի արդյունքում նոր մտքեր կարող են մեջտեղ գալ: Անելիք շատ կա»:
Ըստ նրա՝ Թուրքիայի վրա մեծ ճնշում կա, բոլոր թերթերը Հայոց ցեղասպանության մասին են խոսում, ինչպիսի բան նախկինում չկար. «Քաղաքական ճնշումերի արդյունքում է Դավութօղլուի հայտարարությունը, որն իրականության մեջ ճնշումի հետևանք էր, ոչ թե իրականությունն էր ներկայացնում: Այս ուղերձով նա փորձում է թեթևացնել ճնշումը, որովհետև շարան կա՝ Վատիկանն ընդունեց, Ավստրիան ընդունելու է, Գերմանիան ընդունելու է: Գերմանիան հիմնական երկիր է, եթե Գերմանիան ընդունի, շատ բան կփոխվի: Գերմանիո ազդեցիկ որոշումը այդ մեղմ հայտարարությունը մեջտեղ բերեց»: