Իսրայելը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը 2 պատճառով. իսրայելցի պրոֆեսոր

168.am-ի զրուցակիցն է ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը

– Պարոն Աուրոն, միջազգային պարբերականները, հեղինակավոր վերլուծաբանները, այդ թվում և՝ Դուք, բազմիցս կոչ եք արել Իսրայելին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այս տարի կարելի՞ է արդյոք փոփոխություն սպասել, ակնկալել, որ Իսրայելի կառավարությունը կընդունի իրեն ուղղված կոչերը:

– «Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը պետք է լիներ, անընդունելի է, բարոյական չէ անտարբերությունն իշխանությունների կողմից, քանի որ, չճանաչելով այն, մենք հնարավորություն ենք տալիս, որ այն շարունակաբար կրկնվի:

Այսօր իշխանությունների կողմից ճանաչման հիմքեր չեմ տեսնում, թեև քաղաքացիական հասարակությունը կիսում է հայ ժողովրդի ցավը` լինելով Ցեղասպանության ճանաչման կողմնակից:

– Մի քանի տարի առաջ Կնեսեթում բարձրացվեց Ցեղասպանության ճանաչման հարցը, Դուք լիահույս էիք, որ Իսրայելը կճանաչի, բայց գործընթացը կանգ առավ: Ինչո՞ւ:

– Երկու կարևոր խնդիր կա Իսրայելում Հայոց ցեղասպանության չճանաչման համար: Առաջինը` Հոլոքոստ գաղափարի ընկալումն է: Իսրայելցի ցեղասպանագետների կողմից Հոլոքոստ գաղափարի ընկալումն է: Իսրայելցի ցեղասպանագետները տարբերության մեծ նշան են դնում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, ինչն էլ Ցեղասպանության ճանաչման ճանապարհին առաջացած ամենալուրջ խնդիրներից մեկն է, այսինքն` նրանք, այսպես ասած, ստորադասում են Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստին, ասում` Հոլոքոստն այստեղ է, Ցեղասպանությունն` այնտեղ, սակայն գիտականորեն և բարոյապես դրանք միմյանց մաս են կազմում: Սա էլ բարդացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Երկրորդը` իսրայելաթուրքական հարաբերություններն են: Թեև վերջին տարիներին այդ հարաբերությունները փոքր-ինչ վատթարացել են, որոշ ոլորտներում Թուրքիայի և Իսրայելի միջև կապը շատ ամուր է և, ըստ էության, Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, թեև դրանք արդեն իսկ սրվել են Մավի Մարմարայի դեպքից հետո, երբ քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սկսեցին հորդորել իշխանություններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես կարող եմ շատ բաց խոսել և ասել նույնիսկ, որ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության աջակիցներից է, ինչն Իսրայելի նման երկրի համար բարոյական չէ:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ ցեղասպանագետների աշխատանքը, երբ ունեք Ձեր աչքի առջև Հոլոքոստի մասնագետների աշխատանքը:

– Ես ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի փորձագետ եմ և քիչ եմ հետևում բուն ցեղասպանագետների աշխատանքին: Միայն կասեմ տպավորությունս, որ մի փոքր ավելի շատ աշխատանքի, ներկայացման, ճիշտ ներկայացման կարիք կա:

Տեսանյութեր

Լրահոս