Բրուցելոզ է հաստատվել ևս 6 բնակչի մոտ

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:

Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:

Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, և տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են:

Ապրիլի 17-ին և 18-ին Սոլակ համայնքի բրուցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է ևս 6 անձի մոտ: Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը:

Սոլակ համայնքում այժմ առկա է 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Բնակչության շրջանում իրականացվել է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Այժմ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Կոտայքի մարզի այլ համայնքերում: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Տեսանյութեր

Լրահոս