
Լուկաշենկոն Վրաստան կժամանի ապրիլի 22-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 22-ի երեկոյան երկօրյա պետական այցով ժամանելու է Թբիլիսի: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախագահական նստավայրում Լուկաշենկոյին կընդունի ապրիլի 23-ին: Երկու երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն «տետ-ա-տետ» ձևաչափով, ինչից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձևաչափով:
Լուկաշենկոն հանդիպելու է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի, Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ և ծաղկեպսակ է դնելու Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակում, ուր կանգնեցված է Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում զոհվածների հուշահամալիրը:
Լուկաշենկոն պլանավորել է ապրիլի 24-ին այցելել Բաթում և այնտեղ հանդիպել Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեի հետ, զննել տեղի ձեռնարկությունները, ինչպես նաև մասնակցել համերգի: Բացի այդ, Լուկաշենկոն ներկա կգտնվի եղբայրական քաղաքներ դառնալու մասին Բրեստի ու Բաթումի միջև պայմանագրի ստորագրմանը: Բելառուսի նախագահը Վրաստանը լքելու է ապրիլի 24-ին: