
ԱՄՆ-ը դատապարտել է ԻՊ-ի կողմից Լիբիայում քրիստոնյաների զանգվածային սպանությունները

The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դատապարտում է Լիբիայում եթովպացի քրիստոնյաների զանգվածային սպանությունները, որոնց հեղինակն «Իսլամական պետության» զինյալներն են: Այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը.
«Այն, որ ահաբեկիչները սպանել են այդ մարդկանց բացառապես նրանց հավատի համար, ի ցույց է դնում նրանց արատավոր, անսիրտ դաժանությունը: Այդ վայրագությունը ևս մեկ անգամ ընդգծում է Լիբիայի հակամարտության քաղաքական կարգավորման շուտափույթ անհրաժեշտությունը»:
Ավելի վաղ «Իսլամական պետությունը» տարածել էր Լիբիայում ձերբակալած եթովպացի քրիստոնյաների երկու խմբի սպանելու մասին տեսանյութը: 29 րոպե տևողությամբ այդ տեսանյութում պատկերված է մոտ 30 քրիստոնյայի մահապատժի ենթարկելը: Ապրիլի 9-ին էլ հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալներն իրաքյան Էլ-Քայմ քաղաքում (արևմտյան Անբար նահանգ) մահապատժի են ենթարկել 300 մարդու: