Ինչո՞ւ է ԱՄՆ-ը կրճատում քաղաքական ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել և պարզաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրճատում է խոշոր ծրագրերի ֆինանսավորումը, փակում է USAID-ը, և այլն։

Երեկ դեսպանն այդ մասին ասել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողների հետ զրույցում Ռ. Միլզը հայտարարել է. «Կլինեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաև Հասարակայնության հետ կապերի մեր գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի կրճատումներ։ Նույնը վերաբերում է նաև USAID-ի ծրագրերին»։ Թեև դեսպանը նշել է, որ ՀՀ-ում կպահպանվեն ԱՄՆ հիմնական առաջնահերթությունները, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերին ուղղված ֆինանսավորման կրճատումը լուրջ մտահոգության առիթ է դարձել։ Սակայն դեսպանը հստակ ընդգծել է, որ այս փոփոխությունը չպետք է պայմանավորել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությամբ։ Ըստ նրա, դա պայմանավորված է մի շարք նոր գլոբալ մարտահրավերներով` մասնավորապես` էբոլայի համաճարակ, առողջապահության միջազգային ճգնաժամ, Ուկրաինային օգնելու և «Իսլամական պետության» դեմ պայքարելու անհրաժեշտություն, և այլն։ «Դրանց ազդեցության տակ ԱՄՆ ղեկավարությունը, ի դեմս նախագահ Բարաք Օբամայի, վերանայել է հատկացվող ֆինանսավորման չափերը։ Այդ քայլերի շրջանակներում վերանայվել է նաև ՀՀ-ին USAID-ի շրջանակներում հատկացվող օգնության չափը»,- ասել է Միլզը։ Այնինչ ուկրաինական ճգնաժամի, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների ֆոնին, երբ ավելի ու ավելի է սրվում ՌԴ-Արևմուտք առճակատումը` ոչ միայն Եվրոպայի Հարևանության տարածաշրջանում, այլև հարակից տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում, մի շարք արևմտյան փորձագետներ գտնում են, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան ավելի մեծ քաղաքական ներկայություն, մասնակցություն պետք է ունենան այս տարածաշրջանային զարգացման և հակամարտությունների կարգավորման գործընթացներում։ Իսկ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման կրճատումը հակառակի մասին է խոսում։ Մեզ հետ զրույցում ԵՄԱ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը հատկապես այս փուլում, երբ կարևորվում է Արևմուտքի ներկայությունը Հարավային Կովկասում, կրճատում նման քաղաքական ծրագրերի ֆինանսավորումը` նշեց, որ փոփոխությունների քաղաքական պատճառները տարբեր բնույթի կարող են լինել։

Ըստ նրա` եթե խոսքը ծրագրերի արդյունավետության մասին է, որը նույնպես կարելի է դիտարկել քաղաքական տեսանկյունից, ապա որոշ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի արդյունավետությունը բավականին ցածր է։

Boris Navasardyan«Եթե վերցնենք հայ-ադրբեջանական և հայ-թուրքական ուղղությունները, ապա ակնհայտ է, որ 2010-ից այս կողմ այդ ծրագրերի արդյունավետությունը համարյա զրո է եղել։ Բնականաբար, քանի որ, ուզենք թե չուզենք, այդ ծրագրերի ուղղվածությունը պետք է դիտարկել քաղաքական համատեքստում, այսինքն` եթե խոսքը գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման մասին, ապա դրանք քաղաքական հարցեր են, և, բնականաբար, այն ծրագրերը` քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների աջակցության, որոնք միտված էին նպաստելու այդ քաղաքական խնդիրների լուծմանը, կարելի է որոշ առումով քաղաքական համարել և նրանց ֆինանսավորման նվազումը նույնպես պայմանավորել քաղաքական պատճառներով։ Բայց ես ենթադրում եմ, որ ԱՄՆ ներկայացուցիչները նկատի ունեին, որ դա կապված չէ ՀՀ արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։ Եթե այսպես հասկանանք քաղաքականը, ապա միգուցե այդքան էլ կապված չեն իսկապես»,- պարզաբանեց Բ. Նավասարդյանը։ Հարցին` սա արդյոք չի՞ նշանակում, որ Արևմուտքը սկսում է կամովի զիջել իր դիրքերը Հարավային Կովկասում` ՌԴ-ին, նա պատասխանեց, որ Արևմուտքն այս տարածաշրջանում իր հետաքրքրություններն ու շահերը պահպանում է, իր մասնակցությունը տարբեր խնդիրների կարգավորմանը չի նվազեցնում։ «Բայց եթե դիտարկենք այդ հարցն այն տեսանկյունից, որ, բնականաբար, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առանձին ուղղություններով ծրագրերի արդյունավետության վրա ազդում է այն, ինչ տեղի է ունենում, ապա` այո, և, բնականաբար, այդ ֆինանսական հոսքերը եթե չնվազեն, ապա որոշակի բաշխում տեղի կունենա այն ոլորտների ուղղությամբ, որոնք ավելի մեծ հեռանկարներ ունեն ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից»,- ասաց նա։

Stepan SafaryanԻր հերթին` Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ երբ չի ներկայացվում, թե ինչո՞ւ են կրճատվում ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացվող խոշորագույն ծրագրերը, որոնք տարիներ շարունակ գործել են, մյուս հիմնավորումներն անհամոզիչ են դառնում։ «Կարծում եմ, որ դեսպանը չի էլ հաստատելու, որ դա ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում է։ Բնականաբար, դեսպանի կոչումն ու առաքելությունն է դա հերքելը։ Բայց դա չի նշանակում, որ նման պատճառ չկա։ Խորապես համոզված եմ, որ պատճառը քաղաքական է և մեր ԵՏՄ անդամակցությունն է, ինչը ոչ թե աննպատակահարմար է դարձնում հայ-ամերիկյան հարաբերությունները, ամենևին` ոչ, պարզապես ԱՄՆ-ը խնդիր ունի վերադասավորելու իր ռեսուրսները և հստակեցնելու, թե որ ծրագրերի համար գումարներ հատկացվեն, որոնք կարող են բերել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը։ Այսինքն` չեն ցանկանում կատարել ներդրումներ, որոնք մեկ օրվա ընթացքում կարող են զրոյացվել ԵՏՄ-ի կողմից»,- ասաց նա։

Վերլուծաբանը նշեց, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, մի շարք ոլորտներ ավելի ամբողջությամբ գտնվելու են ԵՏՄ որոշումների ներքո, հետևաբար` ԱՄՆ-ը չի կարող մտնել մի դաշտ, որտեղ չափանիշներն ու խաղի կանոնները սահմանվում են ԵՏՄ-ի կողմից։ «Հետևաբար` կկրճատի իր ծրագրերի ֆինանսավորումը։

Բայց կրկնում եմ՝ սա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը զիջում է դիրքերը և պարզապես փակում է ծրագրերը, ամենևին` ոչ։ Պարզապես նա, ըստ էության, ավելի շատ կծախսի այնպիսի ոլորտներում, որտեղ վստահ կլինի, որ ԵՏՄ-ն չկա, և այդ ոլորտներում ՀՀ-ի հետ աշխատանքը կհանգեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և խորացման»,- պարզաբանեց Ս.Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս