
Կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրին. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված մեկնաբանության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն (նախորդ տարի) Փարիզի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները, ինտեսիվացնեն երկխոսությունը, ինչպես նաև խստապես պահպանեն հրադադարի ռեժիմը:
Ուորլիքն այդ կերպ է մեկնաբանել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում համանախագահների հետագա պլանների վերաբերյալ հարցը: Ուորլիքը հավելել է, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրին.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Համանախագահները շարունակում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ սերտ համագործակցությունը՝ բանակցություններում առաջընթացի գրանցման համար, ինչպես նաև պատրաստում են մինչև տարեվերջ նախագահների հանդիպում: ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակեցնում է համանախագահների տարածաշրջանայի հաջորդ այցի ժամկետը»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ իրենք պլանավորում են տարածաշրջան այցելել մայիս-հունիսին: