
Մենք պլանավորում ենք տարածաշրջան այցելել մայիս-հունիսին. Իգոր Պոպով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել մայիս-հունիսին: Այս մասին գործակալության մոսկովյան թղթակցիներին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Նա հիշեցրել է, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան այցելել են փետրվարին. «Հերթական այցը պլանավորված է մայիս-հունիսին: Դրա համար մենք կհանդիպենք հաջորդ ամսին և կքննարկենք այցի ժամկետը: Այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ»:
Պոպովը հայտարարել է, որ իրենք աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստման ուղղությամբ. «Բնականաբար, մենք պլանավորում ենք նախագահների հանդիպման անցկացում:
Մինչ այդ մենք պետք է անցկացնենք արտգործնախարարի հանդիպում և քննարկենք նախագահների բանակցություններին նախապատրաստվելու հարցերը: Համանախագահներն այդ ամենը կքննարկեն հաջորդ ամիս իրենց հանդիպման ժամանակ»:
Պոպովը մեկնաբանել է նաև տարածաշրջանում վերջին շրջանում աճող լարվածությունը: Նրա խոսքերով` համանախագահող երկրները մտահոգված են շփման գծի երկայնքով իրավիճակի սրումից. «Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»: