Բաժիններ՝

Ում կարելի է հրավիրել Հայաստան՝ Քարդաշյանից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

Դեն Բիլզերյան։ Հայաստանում նրան քչերն են ճանաչում, սակայն ԱՄՆ-ում նա աստղ է։ Դենը մեր հայրենակիցն է, ով ապրում է ԱՄՆ-ում։ 35 տարեկան է, ունի միլիոնավոր երկրպագուներ ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս։ Instagram-ում նրա հետևողների թիվը 7.6 միլիոն է, Ֆեյսբուքում՝ 7.5 միլիոն։

Սոցիալական ցանցերում նրա տեղադրած լուսանկարներն ու տեսանյութերը՝ իր իսկ մասնակցությամբ, հավաքում են մի քանի հարյուր հազար լայք։

Ինչո՞վ է զբաղվում Բիլզերյանը։ Դժվար է միանշանակ ասել, որովհետև զբաղվում է գրեթե ամեն ինչով։

Դենին շատերը ճանաչում են պրոֆեսիոնալ պոկերի աշխարհից։ Լուրջ հաջողությունների չի հասել, բայց կարելի է ասել՝ աշխարհի ամենահայտնի պոկերիստն է։ Ամենամեծ հաջողությունը պրոֆեսիոնալ պոկերում ունեցել է 2009 թվականի համաշխարհային սերիայում։ Նա հայտնվեց հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում, վերջնահաշվարկում՝ զբաղեցրեց 180-րդ տեղը և շահեց 36626 դոլար։ 2010 թվականին Bluff պոկեր-ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենազավեշտալի պոկեր խաղացողներից մեկը։ Victory Poker ակումբի համահիմնադիրներից է։ Ի դեպ, Դենի հարազատ եղբայրը՝ Ադամ Բիլզերյանը, նույնպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է։

Dan-Bilzerian-poker

 

Դենը նաև մեքենաների ու արագության սիրահար է։ Նա ունի բավականին շքեղ ավտոպարկ՝ ամենագնացներ և սպորտային մեքենաներ։ 2011 թվականի մարտի 11-ին նա 385 հազար դոլարի վրա գրազ գալով փաստաբան Թոմ Գոլդշտեյնի հետ՝ մասնակցեց ընկերական ավտոմրցարշավին։ Գոլդշտեյնը մրցում էր 2010 թվականի արտադրության Ferrari 458-ով, իսկ Բիլզերյանը՝ 1965 թվականի AC Cobra-ով։ Որքան էլ զարմանալի լինի, Դենը հաղթեց։

dan-avto

Դեն Բիլզերյանն ուժերը փորձել է նաև կինոյում։ 2013 թվականին նա որպես բարդ հնարքներ կատարող՝ մասնակցել է «Օլիմպոսի անկումը» (Olympus Has Fallen) մարտաֆիլմի նկարահանումներին։ Այնուհետև 1 միլիոն դոլար է ներդրել The Lone Survivor ֆիլմում և խաղացել դերերից մեկը։ Փոքր դերեր է խաղացել նաև 2014-ին նկարահանված The Other Woman և The Equalizer ֆիլմերում։

lone-survivor

 

Դենի կյանքում հատուկ տեղ ունեն զենքերը։ 1999 թվականին նա անդամագրվել է ԱՄՆ զինված ուժերին և պատրաստություն անցել ԱՄՆ ռազմածովային ուժերի SEAL հատուկ տակտիկական ստորաբաժանման կազմում։ Ունի զենքերի մեծ հավաքածու և սիրում է կրակել։

dan-zenqer

 

Դենի կյանքում հատուկ տեղ ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Նա մեծ կնամոլ է։ Դեն Բիլզերյանին հազվադեպ է հնարավոր տեսնել առանց մի քանի կիսամերկ գեղեցկուհիների ուղեկցության։

dan-girls

 

Իսկ ամենատարօրինակ հոբբիներից մեկն այծերն են։ Այո, Դեն Բիլզերյանն իր շքեղ բնակարանում 2 այծ է պահում, որոնք ներկա են գտնվում ամենակարևոր միջոցառումների ժամանակ։ Դենն այնքան շատ է սիրում իր այծերին, որ տան սենյակների պատերին կախված են այծերի նկարները։

dan-ayc dan-ayc1

Եվ այսպես, եթե ասենք՝ ո՞վ է Դեն Բիլզերյանը, դժվար կլինի պատասխանել։ Նա նկարահանվել է կինոյում, սակայն դերասան չէ։ Պոկեր է խաղում, սակայն միջին մակարդակով։ Կրակում է, սակայն զինվորական չէ։ Ամեն տեղ Դենը կա, բայց ոչ մի տեղ մեծ հաջողություններ չի գրանցել:

Բայց նա աստղ է։ Նրան ճանաչում են, հետևում են, ընդօրինակում են։ Նա նման է Քիմին, որ չես հասկանում՝ ո՞րն է այս մարդկանց հայտնիության գաղտնիքը, բայց գիտակցում ես նրանց  ճանաչված լինելու փաստը։ Իսկ Քիմի այցն ապացուցեց, որ նման մարդկանց հնարավորությունները պետք է օգտագործել՝ Հայաստանն ավելի ճանաչված դարձնելու համար։

Համոզված ենք, որ եթե Դեն Բիլզերյանը 1 շաբաթով այցելի Հայաստան, մեր երկրի մասին կիմանա լրացուցիչ մի քանի միլիոն հոգի, որոնց մեծ մասը՝ երիտասարդ, ժամանակակից, ինչո՞ւ ոչ՝ խենթ մարդիկ են։  Այնպես որ, վատ չէր լինի Դեն Բիլզերյանին տեսնել Հայաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս