Շնորհակալություն, Քանյե Ուեսթ. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քիմ Քարդաշյանի մասին ամեն ինչ ասվել է: Եթե կան «բարոյականության ջատագովներ», որոնք չեն հասկանում նրա այցի նշանակությունը, չեմ պատրաստվում այդ մարդկանց տարհամոզել:

Այստեղ ուզում եմ բարի խոսքեր ասել ոչ միայն Քիմի եւ նրա քրոջ, այլեւ նրա ամուսնու մասին: Հայաստանում մեր հայրենակցուհուն համեստորեն, հաճախ երեխային գրկած ուղեկցող տղամարդը Քանյե Ուեսթն է՝ Միացյալ Նահանգներում եւ աշխարհում շատ սիրված եւ ճանաչված երգիչ, երաժիշտ, ռեժիսոր եւ դիզայներ, բազմաթիվ «Գրեմմիների» եւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, միլիոնատեր եւ գործարար:

Աշխարհում նա հայտնի է առաջին հերթին որպես «ռեփ» ոճի կատարող (խոստովանեմ, այդ երաժշտության սիրահարը չեմ), բայց Հայաստանում նրան սիրեցին որպես Քիմ Քարդաշյանի ամուսին՝ «մեր փեսա», ինչպես սիրում է ասել մեր ժողովուրդը: Այստեղ նա եկել է որպես ամուսին եւ հայր ու բոլորովին վատ չի զգում այդ դերից: Ես շնորհակալ եմ Քանյեից նաեւ այն պատճառով, որ նա եւս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է եւ ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու եւ գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»:

Ցավոք, ես բավականին հաճախ եմ լսում այդ հարցը: Երբեմն այն հնչում է սպառնալից՝ ես ազդեցիկ եմ եւ քո դեմ այս կամ այն գործողությունը կձեռնարկեմ: Երբեմն այդ հարցը տրվում է դառնությամբ՝ հե՛յ գիտի ժամանակներ, երբ ինձ բոլորը ճանաչում էին: Լինում է, որ այդ հարցի մեջ նախատինք կա՝ չե՞ք ամաչում, երիտասարդ, որ ինձ չեք ճանաչում:

Բոլոր դեպքերում խմբագրություն այցելող իմ հասակակիցների եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մեծ մասը բուն նյութին անցնելուց առաջ առնվազն 10 րոպե բացատրում են, թե ինչ պաշտոններ են ունեցել եւ ինչ ծառայություններ մատուցել ազգին: Որքան երկար են բացատրում, այնքան սովորաբար երկար են նրանց հոդվածները, որոնք, որպես կանոն, նվիրված են ազգը փրկելու «հրատապ ծրագրին»: Իրականում այս մոլորակում չկա այնպիսի «առիթ», որը կդրդեր որեւէ մարդու կուրծք ծեծել եւ ասել՝ «այդ ե՛ս եմ»: Ճանաչեցին՝ լավ, շնորհակալություն: Գնահատեցին միայն որպես լավ հայր կամ լավ ամուսին՝ դա էլ է հրաշալի: Ընդհանրապես բանի տեղ չդրեցին՝ դա էլ ընկճվելու պատճառ չի կարող լինել: Ես հո գիտեմ, թե ինչ եմ անում եւ ինչի համար, գիտեմ նաեւ, թե ում առաջ եմ իր արարքների համար հաշվետու: Փողը, պաշտոնները, պարգեւները բացարձակ զրո են՝ իմ այս գիտակցության համեմատ» :

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս