Տնտեսագետը կանխատեսում է 10 տոկոս գնաճ
Տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին (1994-1998 թթ.) նախագահ Բագրատ Ասատրյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ դեռևս մեկ ամիս առաջ ինքը նկատել էր, որ 2015 թվականի համար կանխատեսել էր 10% տնտեսական անկում, որի հիմքում դրված էին արդեն առակա այն միտումները, որոնք անցյալ տարվա վերջից էին դրսևորվել:
Բ. Ասատրյանի խոսքով՝ անցած 2 ամիսներին ՀՀ-ն ունեցել է մոտ 50 տոկոս տրանսֆերտների նվազում: «Հիմա պատկերացրեք, որ մեկ միլիարդը պակասի, ի՞նչ է տեղի ունենալու՝ սպառման ծավալների կտրուկ անկում, ներկրման ծավալների անկում: Ներմուծման ծավալների 20-25 տոկոսի նվազումը նշանակում է առևտրի ծավալների համապատասխան նվազում, այն պարագայում, երբ մենք արտադրության էական աճ չենք ունենալու: Այս զարգացումների, փոփոխությունների չլինելու, նոր ձեռնարկների բացակայության պարագայում՝ 10 տոկոսը սպասվող անկում է»,- նշեց տնտեսագետը:
Հարցին, թե ըստ նրա՝ գնաճն ինչքա՞ն կլինի, Բ. Ասատրյանը պատասխանեց, որ միայն անցյալ տարվա արդյունքները հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել 10 % գնաճ. «Միայն եթե ասենք՝ փոխարժեքի շուկայում տատանումները, գործոններ կան՝ կապված դեպի Հայաստան արտահանող երկրներում տիրող իրավիճակի հետ, մասնավորապես Ռուաստանը, բնական է, որ այդ գնաճային ճնշումները պետք է փոխանցվեն Հայաստանի տնտեսության վրա»:
Ըստ Բ. Ասատրյանի՝ այն, որ կառավարությունը ոչինչ չի անում, բոլորն էլ տեսնում են. «Այսինքն՝ անում է այն, ինչ անում է: Բյուջեն հաստատվել է դեկտեմբերին, արդեն ակհայտ է, որ որակապես փոխված է իրավիճակը՝ դրսից, ներսից, այս իրողությունները կան, այդ թվում նաև տրանսֆերտների մասով, կարծես թե կառավարությունը պետք է ինչ-որ մի ձեռնարկով հանդես գար, վերանայեր մոտեցումները, վերանայեր սկզբունքները: Կենտրոնական բանկն ինչ-որ կերպ արձագանքեց, բայց ավելի շատ հրշեջի կարգավիճակում էր»: