«Իրավապահներն իմացել են, որ հավաքի ժամանակ մեկ-երկու հոգի կարող էին ամբոխին հրահրել»

«Ես որևէ մեկ անգամ դեմ չեմ եղել, նշել եմ, որ եթե ապրիլի 24-ի հետ կապված կլինեն սադրիչ դեպքեր, դեմ չեմ եղել, որ կանխարգելեն»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց Մարտի 1-ը, և նշեց, թե նախօրոք սադրանքների մասին գիտեին, հիմա էլ «Հիմնադիր խորհրդարանն» է բավականին ագրեսիվ հայտարարություններ արել և իրավապահներն իմացել են, որ հավաքի ժամանակ մեկ-երկու հոգի կարող էին ամբոխին հրահրել. «Պրովոկացիաների արդյունքում կարող էին մի այնպիսի գործողություն կատարել, ու որևէ մեկ անգամ այդ խումբը չի թաքցրել իր նպատակը: Իսկ դուք գիտեք և դեռ կլսեք, թե ովքեր են գալու ապրիլի 24-ին ու հանկարծ հայ ազգանունով մարդիկ խոչընդոտեին: Ես դեմ չեմ, որ այդ մարդկանց մեկուսացնեն հանրությունից»:

Նա հրաժարվեց ենթադրություններ անել, թե արդյոք ապրիլի 24-ից հետո Սէֆիլյանն ու իր ընկերներն ազատ կարձակվե՞ն. «Ես չեմ ուզում ո՛չ դատավորի, ո՛չ էլ մասնագետի դերում հանդես գալ, դրա մասնագետը չեմ: Եղել է կանխարգելիչ գործողություն, որի հիմնավորումները կտան իրավապահները»:

Հարցին, թե արդյոք արտերկրյա հյուրերի ներկայության դեպքում ՀՀ քաղաքացիները իրավունք չունե՞ն որևէ ակցիա անել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքացին ունի իրավունք ցանկացած ակցիա անել: Մենք դրան դեմ չենք: Բայց նման լոզունգներով և միտված ապրիլի 24-ի միջոցառումները խոչընդոտելուն, ես չեմ կարծում, որ իրավապահները սխալ են: Այս ամենի արմատները բավականին խորն են, ամեն ինչ կպարզաբանվի: Մի քիչ համբերեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս