«Քաղաքական հետապնդումները սկսվեցին ավելի լայն մասշտաբով». Վարդան Հակոբյան

Ինչպես հայտնի է, այսօր բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամներ, նրանց մի մասի բնակարաններում էլ խուզարկություններ են կատարվել:

168.am-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը, խոսելով կատարվածի մասին, ասաց. «Քաղաքական հետապնդումները սկսվեցին ավելի լայն մասշտաբով՝ արդեն հորինած քրեական գործի շրջանակներում, որ զանգվածային անկարգությունով են ձևակերպել: Հետևաբար` կարող եմ ենթարդրել, որ քաղաքացիական անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգության կոչերի հետ: Դա էլ արդեն քրեական հետևանքներ պետք է ունենա, իրենք իրենց դեմ, ինձ թվում է, պետք է քրեական գործ հարուցեն՝ երևույթները նենգափոխելու համար»:

Մեր հարցին՝ արդյոք այս արձագանքն իրենց համար սպասելի՞ էր, Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք՝ մենք երբևէ չենք բացառել, որ հնարավոր են նման զարգացումներ»:

Վարդան Հակոբյանի խոսքով՝ մոտ 10 հոգի արդեն բերման է ենթարկվել:

Կարդացեք նաև

Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:

Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն»,- նշված էր հարղոդրագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս