
«Ամբողջ սադրանքն այն է, որ լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ նախապատրաստական աշխատանքների». Լոռու մարզի ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչ

Ալավերդու ՀՀԿ շրջանային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Ալվարդ Բաբայանը ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքին տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել ապրիլի 4-ին ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված միջոցառման և դրա շուրջ ստեղծված աղմուկի մասին.
– Տիկի՛ն Բաբայան, Դուք ՀՀԿ կանանց խորհրդի միջոռացման կազմակերպիչներից եք, խնդրում ենք մի քանի խոսքով մեկնաբանեք, թե Ծիծեռնակաբերդում ինչ միջոցառում էր և ինչո՞ւ այդ միջոցառումը միանգամայն ուրիշ կերպ հայտնի դարձավ սոցիալական ցանցերում, երբ ժպտացող կանանց լուսանկարներ հայտնվեցին:
– ՀՀԿ կանանց խորհրդի անդամները՝ ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, անմասն չեն Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից’ որոշեցինք մեր խոսքը Ծիծեռնակաբերդից ասել աշխարհի կանանց ու մայրերին:
– Ո՞րն էր միջոցառման բուն նպատակը:
– 2015 թվականը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի է, մեր միջոցառման բուն նպատակն էր ոգեկոչել հայ կնոջը, ապրելու, արարելու և մայրանալու ձգտումը: Մենք ուզում ենք աշխարհին ասել, որ հայ կինն ուժեղ է և ամուր կանգնած է իր մայր հողի վրա:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի մյուս մասին, թե ինչու միջոցառումը շահարկվեց որոշ ԶԼՄ-ների կողմից, կարծում եմ՝ ցանկացած հարցի շուրջ հնարավոր է վիճել, հակառակվել, քաղաքական, կուսակցական կամ նույնիսկ անձնական տարբեր դիրքորոշումներ ունենալ, ԶԼՄ-ներով կսմթել, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ, վստահ եմ, կա միասնականություն հայոց մեջ՝ անկախ նրանից լրագրող ես, թե լրագրողի անձնական հակակրանքի օբյեկտ: Դրանցից է Ցեղասպանության հիշողությունը: Եթե մենք իմանայինք, որ, ասենք, թուրք լրագրող է լինելու լուսաբանողը, երևի տանից դուրս գալիս մինչև միջոցառման վերջը կատեգորիկ չէինք ժպտա:
–Լավ, ի՞նչն էր ժպիտի պատճառը:
– 3 հազարից ավելի կին էր մասնակցում միջոցառմանը, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանի տարբեր ծայրերում և այս միջոցառման կազմակերպման ընթացքում միմյանց հետ առնչվում էին, լավագույն դեպքում, հեռախոսով: Ամբողջ սադրանքն այն է, որ լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ նախապատրաստական աշխատանքների, երբ մասնակիցները Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվում էին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ և իրենց իսկ կողմից պատրաստված շարֆեր էին բաժանում:
Միջոցառումը միասնական էր ու համախմբված: Այդ ընթացքը տևել է մեկ ժամից ավելի, և, կարծում եմ, մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Չնայած՝ էլի եմ ասում՝ եթե ենթադրեինք, որ լուսաբանողների մեջ թուրք լրագրող կա, նույնիսկ տանից դուրս գալուց հատուկ դեմքի արտահայտությամբ կգայինք:
Պատմական ցավի գիտակցությամբ ենք բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
– Կարծում եք՝ նման լուսաբանումը սադրա՞նք էր:
-Չգիտեմ՝ սադրա՞նք էր, թե՞ ոչ, սակայն հաստատ ոչ օբեկտիվ, թյուր և կանխակալ լուսաբանման տարրեր կային: Միգուցե նաև սենսացիայի մրցավազքի արդյունք է: Վստահ եմ՝ կանանց ջերմ հանդիպման մի քանի ժպիտն առավելագույն դիտումներ բերեցին լրատվական կայքերին:
Վերջում կցանկանայի հրեաների օրինակից հիշեցնել: Հրեա լրագրողները Հոլոքոստի հետ կապված չափազանց զգայուն են: Երբեք Հոլոքոստին նվիրված մասսայական միջոցառումը չեն փչացնի, նույնիսկ հանուն դիտումների: