
Թանգարանները «կտեղափոխվեն» աշակերտի բնակարան

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախարարի ընդունելության դահլիճում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը և «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը կնքեցին եռակողմ համագործակցության հուշագիր:
Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է դպրոց-թանգարան կապի ամրապնդմանը, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, համակողմանիորեն զարգացած սերնդի կրթմանն ու դաստիարակությանը:
Ըստ ստորագրված հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում ստեղծվելու է թանգարաններին նվիրված պաշտոնական էջ, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կլինեն ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթանան հայաստանյան թանգարանների դերին, նշանակությանը և գործունեությանը:
Միևնույն ժամանակ կրթական ծրագրի կայքում այդօրինակ էջի ստեղծումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների գրագետ և նպատակային կիրառմանը, ինչպես նաև մտավոր ներուժի ու ստեղծագործական մտածողության զարգացմանը:
«Dasaran» կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկայացուցիչները, կարևորելով մշակութային-գեղագիտական դաստիարակության ոլորտում աշակերտների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը, համաձայն հուշագրի՝ խրախուսելու են թանգարաններին նվիրված պաշտոնական էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց անվճար հիմունքով այցելելու Հայաստանում գործող ու այս ծրագրին միացած թանգարաններ և մասնակցելու ինտերակտիվ-ճանաչողական շրջայցերի:
Ըստ որում՝ հայաստանյան ավելի քան 20 թանգարան արդեն իսկ հայտ է ներկայացրել միանալու այս նախաձեռնությանը: