Ֆիդել Կաստրոն տևական բացակայությունից հետո վերստին երևացել է հանրության առջև
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն վերջին 14 ամսում առաջին անգամ երևացել է հանրության առջև:
Granma կայքի հրապարակած լուսանկարները վկայում են, որ կուբայական հեղափոխության 88-ամյա առաջնորդը մեքենայում նստած վիճակում շփվում է Վենեսուելայի ներկայացուցիչների հետ, որոնք այս շաբաթ ժամանել են կղզի:
Բոլոր չորս լուսանկարներում էլ նա սեղմում է իր զրուցակիցների ձեռքերը: Վերջին տարիներին Կաստրոն չափազանց հազվադեպ է երևում հանրության առջև, ինչի հետ կապված` շարունակ լուրեր են շրջանառվում նրա լուրջ հիվանդության կամ մահվան մասին:
Ֆիդել Կաստրոն Կուբան ղեկավարել է 48 տարի: 2006 թվականին Կաստրոն առողջական խնդիրների պատճառով հեռացավ քաղաքականությունից, իսկ երկիրը սկսեց ղեկավարել նրա եղբայր Ռաուլը: Ռաուլ Կաստրոն ձևականորեն երկրի նախագահ ընտրվեց 2008 թվականի հունվարին: