Բաժիններ՝

«Ցավում ենք, որ իրավական դիրքորոշման մեջ պարունակվող որոշ վերլուծություններ ընկալվել են այլ, ոչ մասնագիտական կամ իրավական հարթության մեջ»

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվության առանձին միջոցներ և լրագրողներ անցած օրը փորձում էին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի կողմից կառավարության եզրակացության վերաբերյալ հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ:

Հարցադրումներն անպատասխան չթողնելու և մեր դիրքորոշումը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ կառավարության իրավական եզրակացությունները որևէ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ նպատակ ունեն բացառապես նպաստելու ճիշտ օրենսդրական քաղաքականությանը և առավել կատարյալ օրենքներ ունենալուն: Քանի որ ցանկացած իրավական խնդրի, օրենսդրական կարգավորման նախագծման ընթացքում առաջացող հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, երբեմն՝ հակադիր, մենք բնական ենք համարում դա և նույնիսկ օգտակար ենք գտնում գաղափարների բախումը՝ որպես առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ հայտնաբերելու ճանապարհ:

Ցավում ենք, որ իրավական դիրքորոշման մեջ պարունակվող որոշ վերլուծություններ ընկալվել են այլ, ոչ մասնագիտական կամ իրավական հարթության մեջ:
Բացառապես հարգալից վերաբերմունք ունենալով ինչպես պարոն Մարուքյանի, այնպես էլ Ազգային Ժողովի որևէ պատգամավորի նկատմամբ, վստահ ենք, որ միայն փոխադարձություն ենթադրող նման աշխատանքային համագործակցությունը կարող է արդյունավետ լինել:

Հ.Գ. Իմ անձնական վերաբերմունքը Էդմոն Մարուքյանին պայմանավորված է ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլև նրա անձնական, բարոյական և մասնագիտական բարձր հատկանիշներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս