Կամո Խաչատրյանն ու Հրաչյա Միրզոյանն իրարից տարբեր աշխարհներում էին ապրում, կիսելու բան չունեն. փաստաբան. «Փաստինֆո»
Գյումրիում հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու հարցում Կամո Խաչատրյանին կասկածելը ակնհայտ անհիմն է: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց կասկածյալի պաշտպան, փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալը չէր կարող ոչ խանգարել հանրահավաքը, ոչ սադրել, ոչ խախտել հասարակական կարգը, առավել ևս դիտավորությամբ Հրաչիկ Միրզոյանի առողջությանը ծանր վնաս պատճառել այն պարզ պատճառով, որ դրա համար որևէ շարժառիթ չի ունեցել՝ Հրաչիկ Միրզոյանի հանդեպ հնուց եկած թշնամանք չի ունեցել, նրան չի ճանաչել, նրա հետ չի ունեցել անգամ իրավիճակային վեճ:
Երկրորդ կարգի հաշմանդամ, երիկամային խնդիրներ ունեցող Կամո Խաչատրյանը որևէ խմբավորման մեջ չի եղել, որևէ մեկի, այդ թվում՝ Նախագահի, հանձնարարություն չի կատարել ու չէր կարող կատարել՝ գյումրեցի 35-ամյա տղամարդն ո՞ւր, Նախագա՞հն՝ ուր:
«Ինքը որևիցե քաղաքական հայացքներ չունի, ոչ այդ մարդուն ճանաչել է, երբևիցե չի շփվել հետը, որևիցե վեճ նրանց մեջ չի եղել, առհասարակ տառ ու բառ չեն փոխանակել իրար հետ, իմաստ, շարժառիթ դանակահարելու չկա, լրիվ ուրիշ կյանքով ապրող տղա է, Հ.Միրզոյանն իր հանրահավաքն ուներ, Կ.Խաչատրյանն՝ իր աշխարհը: Այդ մարդն ու Հրաչյա Միրզոյանն իրար հետ ընդհանրապես կիսելու բան չունեին»,- նշեց Արմեն Սողոմոնյանը:
Առհասարակ սխալ է, գտնում է փաստաբանը, շարքային քրեական գործը անհարկի քաղաքականացնելու փորձերը, պրոֆեսիոնալ քաղաքական գործչին, մանավանդ մարտական փառահեղ ուղի անցած ու հարգված անձնավորությանը՝ Ժիրայր Սեֆիլյանին վայել չէ: «Ճիշտ չէ, քաղաքական աստառ տալ՝ դրանով ինչ-որ դիվիդենտներ շահելու համար»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:
Ըստ պաշտպանի՝ Կամո Խաչատրյանն ընդամենը պատահականորեն հայտնվել է հանրահավաքում. իր 13-ամյա որդուն տանում էր հանրահավաքի հարակից տարածքում գտնվող շախմատի դպրոց, նայել է, որ երեխան մտնի մարզասրահ, ապա ինքն էլ փորձել է շուտ դուրս գալ տարածքից, որպեսզի ավելորդ պատմության մեջ չընկնի: «Պարզապես ո՛չ այն ժամանակ և ո՛չ այն տեղում է հայտնվել»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: