
Իրանն այժմ կարող է ավելի ակտիվ մասնակցել Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի անվտանգության ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակի վրա: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում.
«Ձեռք բերված որոշումը դիտարկում ենք նաև միջազգային հարաբերությունների իրավական համակարգի ամրապնդման տեսանկյունից` որպես վառ ապացույց նրա, որ քաղաքական-դիվանագիտական ջանքերի միջոցով կարելի է լուծել ամենաբարդ խնդիրներն ու ճգնաժամային իրավիճակները:
Անկասկած է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը դրականորեն կազդի Մերձավոր Արևելքի անվտանգության ոլորտի ընդհանուր վիճակի վրա, այդ թվում նաև նրա հաշվին, որ Իրանը կարող է առավել ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում առկա մի շարք խնդիրների ու հակամարտությունների կարգավորման հարցում:
Իրանի հետ համաձայնագրում դրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձևակերպած սկզբունքը, որը ճանաչում է Իրանի անխոս իրավունքը` խաղաղ միջուկային ծրագիր իրագործելու իրավունքը` ներառյալ ուրան հարստացնելու գործունեությունը, և որի համաձայն` դադարեցվելու են Իրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցները»: