
Ուկրաինան Սաակաշվիլուն չի արտահանձնի Վրաստանին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան հրաժարվել է Վրաստանին արտահանձնել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, որի նկատմամբ Վրաստանում հայտարարված է ներպետական հետախուզում: Այս մասին նշված է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում.
«Ուկրաինայի Գլխավոր դատախազությունն ավարտել է արտահանձնման ստուգում անցկացնելը՝ կապված Միխեիլ Սաակաշվիլուն հանձնելու վերաբերյալ Վրաստանի արդարադատության նախարարության գլխավոր դատախազության դիմումի հետ, որպեսզի նրան քրեական պատասխանատվության ենթարկեն մի շարք հանցանքներ գործելու համար, որոնց նա իբրև թե իրականացրել է ծառայողական լիազորությունների օգտագործման ժամանակաշրջանում, երբ քաղաքական պաշտոն է զբաղեցրել այդ պետությունում»:
Ընդգծվում է, որ ստուգման ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը եկել է այն եզրակացության, որ Սաակաշվիլուն արտահանձնելու մասին դիմումն արվել է քաղաքական դրդապատճառներով նրան հետապնդելու նպատակով: