Գիշերային ակումբի հաճախորդները ցանկացել են, որպեսզի պարուհիները պարեն հատուկ իրենց համար. խուլիգանություն գիշերային ակումբում

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երեք երիտասարդներ մեղավոր են ճանաչվել խուլիգանության կատարման մեջ՝ դատապարտվելով 5, 11 ամիս 28 օր և 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Տղաներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  ալկոհոլային հարբածության վիճակում երկու տղաների հետ գիշերային ակումբում շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության, այդ թվում՝ ակումբի աշխատակիցների նկատմամբ, առանց որևէ առիթի, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել են տղամարդու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վերջինիս և ակումբի աշխատակիցների հասցեին, իսկ նրանցից մեկը գարեջրի ապակյա դատարկ տարայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տղամարդուն` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ առաջադրված մեղադրանքում երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Նրանցից մեկի ցուցմունքի համաձայն՝ իր երկու ընկերների հետ գնացել են գիշերային ակումբ, մոտ մեկ ժամ այնտեղ մնալուց հետո պարուհիների միջոցով փորձել են գտնել ակումբի տնօրենին, այդ ժամանակ առաջ է եկել գործով տուժող, որն այդ ժամանակ աշխատել է նույն ակումբում՝ որպես մենեջեր։ Խնդրել են նրան, որպեսզի մոտենա իրենց։ Տուժողը կոպիտ պատասխանել է, թե իրենք ովքե՞ր են, որ ինքն էլ մոտենա, և իրենց տարել է ակումբի խոհանոց։ Այնուհետև տուժողը բարձրաձայն հայհոյել է իրենց, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Իրենք էլ փոխադարձաբար հայհոյել են տուժողին, ինչից հետո նա զենք է պահել իրենց վրա և ասել է, որ ինքը Ոստիկանության նախկին փոխգնդապետ է, իսկ իր պապը գեներալ է, և իրենից հեռու մնան։

Քաշքշուկի ընթացքում ակումբի խոհանոցում ափսեներ ու բաժակներ են ջարդվել։ Տուժողը նույնպես եղել է ալկոհոլ օգտագործած, իսկ իր ընկերոջ ձեռքին եղել է գարեջրի շիշ, սակայն նա շիշը դրել է սեղանին և չի հարվածել տուժողին։ Նշել է, որ, չնայած իրենք խուլիգանություն չեն կատարել, սակայն պատճառված մոտ 600.000 դրամ գումարն իր ընկերը վերականգնել է այն բանի համար, որ իրենք հեռու մնան հետագա անախորժություններից։

Ամբաստանյալներից մյուսը հայտնել է, որ եղբոր ու ընկերոջ հետ գնացել են գիշերային ակումբ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ցանկացել են, որպեսզի ակումբի պարուհիները պարեն հատուկ իրենց համար, ինչի համար փորձել են խոսել ակումբի տնօրենի հետ։ Այդ ժամանակ իրենց է մոտեցել ակումբի մենեջեր, գործով տուժողը և իրենք էլ խնդրել են նրան դուրս գալ և զրուցել։ Տուժողը շատ կոպիտ տոնով է խոսել իրենց հետ՝ պատասխանելով, թե «իրենք ո՞վ են, որ ինքն էլ մոտ գա ու խոսի հետները»։ Այդ խոսակցության հետևանքով քաշքշուկ է սկսվել։

Քաշքշուկին փորձել է միջամտել ակումբի բարմենը, սակայն տուժողը զենք է հանել և պարզել իրենց վրա, որից հետո իրենք փոխադարձաբար հայհոյել են տուժողին։ Քաշքշուկի ընթացում ակումբի խոհանոցի ափսեները և բաժակները թափվել են գետնին ու ջարդվել, սակայն պնդել է, որ իրենցից ոչ ոք տուժողին շշով կամ որևէ այլ առարկայով չեն հարվածել։

Գործով մյուս ամբաստանյալը հայտնել էր, որ եղբոր ու ընկերոջ հետ գնացել են գիշերային ակումբ, որոշ ժամանակ նստելուց հետո ակումբում փորձել են գտնել տնօրենին։ Այդ ժամանակ եկել է գործով տուժողը և սկսել է կոպիտ տոնով խոսել իրենց հետ։ Իրենք փորձել են նրա հետ դուրս գալ և զրուցել, սակայն տուժողն իրենց քաշելով տարել է խոհանոց և սպառնացել, որ հաշվեհարդար կտեսնի։ Դրա արդյունքում նրանց և տուժողի միջև վիճաբանություն է սկսվել։ Տուժողը զենք է պահել և սպառնացել իրենց, բացի այդ, տեղեկացրել է, որ ինքը փոխգնդապետ է, իսկ պապը՝ գեներալ, և հորդորել է հեռու մնալ իրենից։ Ամբաստանյալը նշել է, որ ակումբի խոհանոցը եղել է խառնաշփոթ վիճակում, իսկ քաշքշուկի ժամանակ ջարդվել են ակումբի խոհանոցի ափսեները և բաժակները, սակայն դրանցից և ոչ մեկով իրենք տուժողին չեն հարվածել։ Ամբաստանյալը հայտնել է, որ իրականում իր ձեռքում գարեջրի շիշ է եղել, սակայն մինչ վիճաբանությունը սկսելն այն դրել է սեղանին և շշով չի հարվածել տուժողին։ Ընդունել է, որ պատահաբար ինքը ոտքով կպել է մոխրամանին, ինչի հետևանքով այն կոտրվել է, սակայն իրենք նպատակ չեն ունեցել խախտել ակումբի բնականոն աշխատանքը։

Տուժողը, ըստ դատարանի վճռի, ցուցմունք է տվել, որ դեպքի նախորդ օրը հանդիպել է գիշերային ակումբի տնօրենին, ով իրեն աշխատանք է առաջարկել ակումբում, սակայն բացատրել է, որ մինչև հիմնական պայմանագրի կնքումը որոշ ժամանակ պետք է փորձաշրջան անցնի, որը կարող է սկսվել հենց հաջորդ օրվանից։ Քանի որ դեպքի օրը տնօրենն ակումբում չի եղել, նստել է բարի կանգնակի դիմաց գտնվող սեղանի մոտ և սուրճ է խմել։

Ակումբ են եկել 3 երիտասարդներ, որոնք գարեջուր են պատվիրել։ Որոշ ժամանակ անց այդ երիտասարդներից մեկը, ով, հետագայում իմացել է, որ սույն գործով ամբաստանյալներից մեկն է, մոտեցել է իրեն և ասել՝ «արա, կլուբի տերը դու ե՞ս», որին պատասխանել է, որ՝ ոչ, ինքն ակումբի տնօրենը չէ, և ներկայացել է՝ որպես նախկին ոստիկան։ Դրանից հետո, առանց որևէ առիթի, իր հետ վիճաբանության է բռնվել, որի ընթացքում հայհոյանքներ է տվել իրեն, ու սկսվել է քաշքշուկ։ Մի պահ միջադեպը փորձել է կանխել աշխատակիցներից մեկը, սակայն քիչ անց բարձրաձայն հայհոյանքներ տալով և ձեռքերով հարվածներ հասցնելով՝ իրեն տարել են դեպի խոհանոցին հարակից միջանցք։ Այդ ժամանակ ամբաստանյալներից մեկը գարեջրի դատարկ շշով ցանկացել է խփել իր գլխին, սակայն, նկատելով դա՝ ինքը հասցրել է ձեռքը վերև բարձրացնել, և հարվածը դիպչել է ձեռքին։

Դրանից հետո իրեն հրելով տարել են դեպի խոհանոց, որտեղ շարունակել են բարձրաձայն հայհոյանքներ տալ և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել մարմնի տարբեր մասերին։ Իրեն ծեծի ենթարկելու պատճառով վնասվել է իր բաճկոնը և ձեռքի ժամացույցը։ Դրանից հետո մի կերպ կարողացել է փախչել խոհանոցից և դուրս գալ ակումբից։ Ակումբի դիմաց ամբաստանյալը փորձել է մուտքի դռան մոտ գտնվող մեծ մոխրամանով հարվածել իրեն, սակայն այդ ժամանակ վկան կարողացել է նրա ձեռքից վերցնել այն։

Տեսանյութեր

Լրահոս