Ինչպես են սոցիալական ցանցերն ազդում մարդու ինքնագնահատականի վրա
Սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնող մարդկանց ինքնագնահատականը, որպես կանոն, բարձր է, և դրա հետ մեկտեղ նրանք հակված են կորցնել ինքնատիրապետումը սթրեսային իրավիճակներում: Այդ պատճառով, ի տարբերություն մյուսների, նման մարդիկ արագ ավելորդ քաշ են հավաքում և նույնիսկ հակված են ինքնասպանության: Նման եզրակացություն են արել Փիթսբուրգի համալսարանի գիտնականները:
Նրանք 5 հետազոտություն են անցկացրել ամերիկաբնակ 1000 ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, որպեսզի հասկանան, թե ինչպես է անդրադառնում ինտերնետային աշխարհը իրական կյանքի վրա: Առաջին ուսումնասիրության ընթացքում մասնակիցները պատասխանում էին մի շարք հարցերի, պարզելու համար թե որքան մտերիմ են իրենց ֆեյսբուքյան ընկերների հետ: Հետո նրանք պետք է բացատրեին, թե ինպես և ինչ նպատակով են օգտագործում կայքը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ անկախ նրանից, թե որքան ակտիվ են օգտատերերը կայքում, նրանց ինքնագնահատականը բարձր է եղել, երբ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել իրենց ֆեյսբուքյան ընկերների հետ:
Երկրորդ փորձի ժամանակ մասնակիցները պետք է սոցցանցում անցկացնեին 5 րոպե և հետևեին ընկերների տարածած ինֆորմացիային: Փորձագետները հայտնաբերել են, որ հենց իրենց՝ մասնակիցների տարածած ինֆորմացիայի արձագանքները առաջ են բերել գոհունակություն, հետևաբար՝ ինքնագնհատականի բարձրացում:
«Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ մարդիկ մեծ բավարարվածություն են ստանում, երբ նրանց ընկերներն, այսպես կոչված «լայքերով» հավանության են արժանացնում տվյալ օգտատիրոջ տարածած նյութը»,- նշում է համահեղինակ Քեյթ Ուիլքոքսը:
Վերջին երեք հետազոտությունները ցույց են տվել, որ սոցցանցերից հաճախակի օգտվող անձինք դյուրադրգիռ են և չեն կարողանում վերահսկել իրենց պահվածքը: Սա կարող է հանգեցնել քրոնիկական դեպրեսիայի և առաջ բերել ինքնասպանության հակումներ:
Աղբյուրը՝ Doctors.am