Բաժիններ՝

«Լավ կլինի`մեր իշխանությունը քնելուց առաջ ընթերցի Մազութի Համոյի երկնային կյանքի ավարտը»

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Գյումրու մսի կոմբինատի թաղամասի հողերի մի մասը ռուսական բազային հատկացնելու մասին:

Իրավապաշտպան Հրաչյա Հարությունյանը asparez.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը՝ Գյումրու Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` առկա շենք-շինություններով Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հետեւողականորեն զարգացնում է 102-րդ բազայի ենթակառույցները եւ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտին, այլ խոսքով` հումանիտար ոլորտի զարգացմանը: Տարածքը, որի մասին խոսվում է, խորհրդային տարիներին պատկանում էր խորհրդային բանակին եւ այդտեղ տեղակայված էր գումարտակը, իսկ սպայական անձնակազմի ընտանիքները բնակվում էին նույն տարածքում գտնվող տներում: Հիմա, փաստորեն, այդ նույն տարածքն ամբողջությամբ տրամադրվում է ռազմական բազային: Ճիշտն ասած, ինձ անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով են որոշ ԶԼՄ-ներում այդ տարածքը բնութագրում որպես ռուսական եկեղեցու զբաղեցրած տարածք, բայց քաջատեղյակ եմ, որ մինչեւ 1991 թվականը, Լենինականում տեղակայված խորհրդային բանակի դիվիզիային պատկանող ամբողջ անշարժ գույքն հաշվառված էր հայտնի ԿԷՉ-ի (կոմունալ շահագործման զորամաս) հաշվեկշռին եւ այն ժամանակ «ռուսական եկեղեցու տարածք» հասկացություն չէր կարող գոյություն ունենալ»,-պարզաբանեց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ Գյումրիում արդեն երկու ռուսական եկեղեցի վերանորոգվել են եւ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռազմաբազայի անձնակազմում զգալի մաս են կազմում մահմեդական հավատքի զինծառայողները, ապա մի նոր եկեղեցի վերակառուցելն իրեն թվում է, ավելի շատ հումանիտար ներկայությունն ապահովելու եւ պատմամշակութային հուշարձանին նոր կյանքի կոչելու նպատակ ունի, քան թե պայմանավորված է հավատացյալների պահանջները բավարարելուն:

– Այդ փաստը վկայում է նաեւ այն, որ հատկապես Գյումրին, հատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ռազմավարական ծրագրում` Հարավային ռազմաքաղաքական թատերաբեմում եւ դա պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինակ, Ռուսաստանի համար «քրդստանի» հետ միակ ուղղակի շփման կետը՝ հայ-թուրքական սահմանի Գյումրու տեղամասն է: Հայտնի է, որ Արեւելյան Անատոլիան եւ հատկապես Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական տարածքները գերազանցապես բնակեցված են քրդերով: Դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակ, Քրդստանի բանվորական կուսակցությունը լայն աջակցություն էր ստանում խորհրդային միությունից, քանի որ այն դիտվում էր որպես հակաամերիկյան, սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցություն, եւ այսօր էլ քրդերը Թուրքիայի ներսում այն ուժն են, ովքեր կարող են ապակայունացնել իրավիճակը,- նշեց Հ.Հարությունյանը:

Իրավապաշտպանի մեկնաբանմամբ, նկատի ունենալով Ռուսաստանի հավակնությունները, դժվար չէ կռահել ռազմաբազայի նշանակությունը նաեւ այդ իմաստով: Ուրիշ հարց է, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ հայերիս համար:

«Բոլոր դեպքերում, ռուսական կողմն ամրացնելու է իր թիկունքը եւ դա հնարավոր է հիմնականում եւ գլխավորապես հումանիտար դիրքերն ամրապնդելու եւ տեղի բնակչությանը «իր կողմը գրավելու» միջոցով: Դրա համար հարկավոր են մշակութային օջախներ, նոր աշխատատեղեր տեղաբնակների համար, ովքեր վարձված են ռուսական օբյեկտների կողմից, ինչ-որ «բոնուսներ» տրամադրելը, ասենք՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու առավել մատչելի ինչ-որ կարգ սահմանելը եւ այլն»:

Նա կարծում է, որ  Գյումրու «ռուսաֆիկացման» գործընթացը Ռուսաստանի համար արդիական խնդիր է: «Իհարկե, լավ կլինի, որ մեր իշխանությունը քնելուց առաջ միշտ ընթերցի Մազութի Համոյի երկնային կյանքի ավարտը»:

Իրավապաշտպանը շեշտում է` ի՞նչ ռեկորդ էր մշակութային կենտրոն կառուցելը: «Ինչպե՞ս կարող է պայմանավորված լինել կազմի փոփոխությամբ: Եթե մահմեդականներ գային՝ թաթարներ, չեչեններ, ուրեմն մզկի՞թ էին կառուցելու: Ձեւական պատճառաբանություն է ու իրավական հիմքի հետ կապ չունեցող: Մշակութային կենտրոն հասկացություն չկա, այլ` բազայի տեղաբաշխման կետ»:

Ակնարկին, ամեն դեպքում, կառավարությունը պե՞տք է հավանություն տար Գյումրու մսի կոմբինատի հողերը ռուսական բազային հատկացնելու մասին որոշմանը, թե ոչ, Հ.Հարությունյանը պատասխանեց.

«Կառավարության այդ նույն նիստում, եթե չեմ սխալվում, քննարկվել է նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին մոտ 40 միլիոն դոլար անհատույց հատկացնելու հարցը: Չեմ կարծում, որ սա պատահական զուգադիպություն է: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը, ինքնիշխանության կարեւորագույն տարրերից առնվազն երկուսը՝ արտաքին սահմանների պահպանությունը եւ տնտեսական անվտանգության հիմնաքարը՝ էներգետիկան, ինքնագլուխ կերպով զիջել է Ռուսաստանին եւ վերածվել է ռուսական իշխանության հլու կամակատարի: Այս իրավիճակում, տարօրինակը ոչ թե այն է, որ կառավարությունը տվել է իր համաձայնությունը, այլ տարօրինակն այն է, որ ռուսները հարցրել են այս կառավարության կարծիքը»,-եզրափակեց նա:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս