Ո՞րն է եղել Հայկ Կյուրեղյանի նպատակը՝ ըստ տուժողի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով այսօր ցուցմունք տվեցին գործով տուժողը, ինչպես նաև վկաները:
Տուժող Սամսոն Ղարիբյանը, ով ներկայացավ որպես ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության 5-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ, պատմեց, որ դեպքի օրը ծառայություն է իրականացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացի հատվածում, ապահովում էին հասարակական կարգն ու անվտանգությունը՝ կապված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստի մեկնարկի հետ: Նա պատմեց, որ նկատել է մի տղայի, ով մեքենայի վրայից բղավում էր՝ «ոստիկան չկա՞ ստեղ, ո՞ւր են ոստիկանները»: Տուժողն ասաց, որ սկզբում ուշադրություն չի դարձրել դրան, սակայն աշխատանքային փորձը հուշել է՝ մոտենալ, պարզել՝ արդյոք քաղաքացին բարձրացել է իրե՞ն, թե՞ մեկ ուրիշի պատկանող ավտոմեքենայի վրա: Տուժող ոստիկանի խոսքով՝ մի քանի քայլ առաջանալուց հետո երիտասարդը գոտկատեղից հանել է ատրճանակը, որի կրակոցներից մեկը դիպել է իրեն՝ սկզբում ուսին, ապա գլխին: Տուժողի խոսքով՝ երիտասարդն ասել է՝ չմոտենաք, կկրակեմ, կպայթեցնեմ, իրենք որոշ չափով մոտեցել են նրան, սակայն երիտասարդի ոտքը սայթաքել է, այդ ընթացքում կարողացել են վերցնել ատրճանակը, նրան բերման ենթարկել:
Մեղադրողի հարցին, թե ի՞նչն էր Հայկ Կյուրեղյանի նպատակը, տուժողը պատասխանեց, որ Հայկ Կյուրեղյանը նաև լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ցանկացել է խանգարել դատական նիստի սկսվելուն, և «բացահայտ արհամարհանքը պետության, բացահայտ արհամարհանքը հասարակության, բացահայտ արհարարհանքը հասարակական կարգի նկատմամբ»: Տուժողի խոսքով՝ երիտասարդի ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելիս՝ նա հայհոյանքներ է հնչեցրել:
Դատավորի հարցին պատասխանելով՝ տուժող ոստիկանն ասաց, որ քաղաքացիական հայց չունի, բայց նշեց, որ իր համար շատ վիրավորական է, երբ «իշխանության ներկայացուցչի կամ իշխանության վրա կրակոց արտահայտելուց անվանում են հերոսներ».
«Ես ինքս դաստիարակվել եմ այնպես, որ հերոսը դա մարդ է, որ նվիրում է կյանքը, առողջությունը հանուն ազգին և ժողովրդին: Եվ շատ վրդովված եմ, սա էմոցիոնալ բառ չեմ ասում: Մենք՝ ամբողջ ազգս, հիմա գնում ենք հայոց պետականության ամենակարևորագույն մասերից մեկին՝ ցեղասպանության 100-ամյակի ճանաչմանը: Եվ ահավասիկ հասկանում ենք, որ եթե մենք ունենայինք պետություն, չէին լինի նման ցեղասպանության հարցեր: Ինչի մասին է խոսքը, երբ իշխանության, պետության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն, բռնություն է կատարվում, և սա իրականում որպես հերոսություն է ներկայացվում»: