
Իսրայելը լրտեսել է «Վեցյակի» ու Իրանի միջև անցկացված դռնփակ բանակցությունները. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` Իսրայելը լրտեսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված դռնփակ բանակցությունները, ընդ որում` դա արել է այդ բանակցությունների սկսվելուց հետո:
Բանակցությունները հերթականությամբ անցկացվում են Ժնևում ու Վիենայում, իսկ ոչ վաղ անցյալում` նաև Լոզանում: Իսրայելը չի մասնակցում այդ բանակցություններին և լրատվամիջոցի պնդմամբ` զգալի ջանքեր է գործադրել այդ բանակցությունների ընթացքին հետևելու համար:
Իսրայելը լրտեսել է, որպեսզի իմանա, թե ինչ է կատարվում «Վեցյակի» ու Իրանի միջև տարվող դռնփակ բանակցություններում: Թերթի պնդմամբ` իսրայելական կողմը, ստանալով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք հանձնել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որպեսզի նրանք իրենց հերթին դրանք օգտագործեն որպես փաստարկ` ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ իրենց վեճերում և թույլ չտան Իրանի հետ համաձայնագրի ստորագրում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամլո քարտուղարը հերքել է ամերիկյան մամուլի այս տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և միտված է ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացմանը: