Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը սաստեց Գագիկ Ծառուկյանին
«Վերջին իրադարձությունների արդյունքում մեր կուսակցությունից դուրս են եկել պատգամավորներ: Այսօր, կարծես, այդ գործընթանցն ավարտվեց և մենք գնում ենք բյուրեղացման, քաղաքական օրակարգը ձևակերպելու: ԲՀԿ-ն իր ծրագրային դրույթներին հավատարիմ է: Աներկբա է, որ քաղաքական իրավիճակ է փոխվել և չի կարելի հաշվի չնստել դրա հետ: Բայց մեր մոտեցումները հանրային խնդիրներին չեն փոխվել: Դրա հետ կապված գուցե տակտիկական մոտեցումներն են փոխվել»,- այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերը համախմբվել էին ծրագրերի շուրջ, բայց գործընթացները քաղաքական պայքարի ձևաչափից ինչ-որ պահի դուրս եկան, և երբ առաջնային մանդատի պատասխանատվություն կրող անձը դուրս եկավ, առաջնորդները պետք է պատասխանատվություն վերցնեին ու որոշում ընդունվեց գործընթացները չտանել սրացման:
Թե կոնկրետ ի՞նչ փաստ եղավ, Սերժ Սարգսյանն ինչպե՞ս սաստեց Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հայտարարեց, թե տեղի են ունեցել պաշտոնական հայտարարություններ նշված անձանց կողմից, որ հրապարակվել է և դրանից դուրս որևէ մեկը ավելացնելու որևէ ցանկություն և լիազորություն չունի. «Մենք հարգում ենք ոչ իշխանական ուժերի որոշումները»:
Մ.Մելքումյանի խոսքով՝ մարդիկ իրենք են որոշել, որ երկիրը ցնցումների ճաապարհով չտանեն, որովհետև երկիրը Մայդանից մի քանի ժամ, մի քանի վայրկյան էր մնացել:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը չարի՞ք է, թե՞ ոչ, ինչպես Գ,Ծառուկյանը նախկինում հայտարարել էր, Վ.Բաբայանը նշեց, թե բազմաթիվ անգամ արտահայտվել են այդ կապակցությամբ, այսօր ՀՀ թիվ մեկ չարիքը այն մթնոլորտն է, որում հայտնվել ենք, խնդիրը այն մարդիկ են, որ հասցրել են այդ վիճակին և պետք ամեն ինչ անել, որ չարիքը դառնա բարիք: Նա հավելեց, թե հայ ժողովրդի համար թիվ մեկ չարիքը Ալիևն է:
«ԲՀԿ-ն միշտ ասել է, որ մեր պայքարը անձերի դեմ չի, երևույթների դեմ է: Ոչ իշխանական ուժերի տրանսֆորմացիները պետք է բերեին նաև իշխանական ուժերի տրանսֆորմացմանը: Աղքատ երկրի իշխանությունը չի կարող աշխարհում հեղինակություն ունենալ»,- նկատեց Մ.Մելքումայնը: