Airbus A320-ի ավիաաղետից հետո Գերմանիայում ներդնում են «երկու մարդու» կանոնը
BBC-ի փոխանցմամբ` ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի կործանումից հետո Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ներդնում է «երկու մարդու» կանոնը, երբ օդաչուների սենյակում անպայմանորեն պետք է գտնվի օդանավի անձնակազմի առնվազն երկու անդամ:
Նման կանոն արդեն իսկ գործում է ԱՄՆ-ում: Վարչությունում վստահ են, որ խոչընդոտներ չեն ծագի նոր կանոնի ներդրման հարցում: Մասնավորապես, այդ կանոնն առաջին հերթին պետք է ներդնեն Germanwings, Air Berlin, Condor և TuiFly ավիաընկերությունները:
Օդաչուների համար նախորդ կանոնը թույլ էր տալիս օդաչուների սենյակում գտնվել երկու օդաչուներից մեկին, սակայն միայն անհրաժեշտ նվազագույն ժամանակով:
Հենց դրանից էլ երեքշաբթի օգտվել է 28-ամյա երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը, ով հետաքննության տվյալներով` փակել է սենյակի դուռն ու միտումնավոր ոչնչացրել է օդանավը:
Բացի այդ, ավիաաղետի ֆոնին ՄԱԿ-ը պահանջել է օդաչուների համար կանոնավորապես անցկացնել բժշկական հատուկ թեստեր: Այդ մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը` ICAO-ն:
Խոսքն առաջին հերթին օդաչուի ֆիզիկական ու հոգեբանական վիճակը ստուգելու մասին է: Բուժզննումը պետք է իրականացնեն ավիափոխադրումների ոլորտում մասնագիտացած բժիշկները, որոնք քաջատեղյակ են, թե ինչ պահանջներ են ներկայացվում մարդուն` նման գործունեություն իրականացնելու համար:
ICAO-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ եթե բժիշկների մոտ կասկածներ են ծագում, ապա նրանք պետք է իրականացնեն առավել մանրակրկիտ զննում: