
Օբաման ու Էրդողանը քննարկել են Եմենի վերջին զարգացումները

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է Սիտակ տունը:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցության շարունակումը, Սիրիայում ու Իրաքում կայունությունն ու անվտանգությունը: Քննարկվել է նաև սիրիացի ապստամբներին սպառազինելու ու ռազմական ուսուցում տալու հարցը:
Օբաման դրական է գնահատել այդ հարցում Թուրքիայի գործադրած ջանքերը: Նախագահները կարևորել են օտարազգի զինյալների հոսքը կանգնեցնելու հարցում համագործակցության խորացումը:
Օբաման գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել իր տարածքում ապաստան գտած մոտ 2 միլիոն սիրիացի ու իրաքցի փախստականներին:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Էրդողանը քննարկել են նաև Եմենի ու Ուկրաինայի վերջին զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացվող բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր: