Բաժիններ՝

Իրանցիների կողմից ամենաշատ տրվող հարցը. «խոզի համով խորոված որտե՞ղ կարող ենք ուտել»

Նովրուզը Հայաստանում նշելն իրանցիների համար դարձել է ավանդույթ: Պաշտոնական վիճակագրությունը դեռ չի ամփոփում, թե այս տարի՝ Իրանից քանի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, սակայն դատելով երևանյան փողոցների անցուդարձից, սպասարկման կենտրոններում և առևտրի սրահներում գոյացած հերթերից՝ կարելի է եզրակացնել, որ այս տարի զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարիներին չի զիջում։

Նախորդ տարիների վիճակագրության համաձայն՝ 2012թ. Հայաստան է այցելել՝ 111 հազար, 2013-ին՝ 95 հազար, 2014-ին՝ 110  հազար իրանցի: Այս շրջանում գրանցվում է տարվա առաջին  տուրիստական բումը, որի հետևանքը լինում է այն, որ տնտեսություն լրացուցիչ գումար է մտնում, և դրամը որոշ չափով արժևորվում է:

168.am-ը հարցում է անցկացրել՝ պարզելու իրանցիների հանգստի նախասիրությունները, նախընտրած հյուրանոցային համարները, ճաշացանկը, ծախսերի տրամաբանությունը: «14-րդ հարկ» հյուրանոցի աշխատակից Աննան տեղեկացրեց, որ իրանցիների համար գործում է ոսկե կանոն՝ որքան էժան, այնքան լավ. «Նրանք հիմնականում շքեղության վրա ուշադրություն չեն դարձնում, կարևորը՝ մատչելի լինի։ Որպես 3-աստղանի հյուրանոց՝ նրանց առաջարկում ենք 41 հազարոց համարներ՝ երկու հոգու համար, որի մեջ ներառված է նաև նախաճաշը: Դժգոհություններ չկան, միայն թե պետք է հաշվի առնել որպես զբոսաշրջիկ՝ նրանց առանձնահատկությունները, ժամերով կարող են զրույցի բռնվել գին գցելու համար»:

Աննան նաև տեղեկացրեց, որ ամենաշատ տրվող հարցն իրանցիների կողմից այն է, թե որտեղ կարող են ուտել համեղ խոզի խորոված: Զբոսաշրջիկների այս խմբի հետ շփվելիս նա հասկացել է, թե ինչու են ամենաշատը հենց Հայաստան այցելում: «Երկու պատճառ կա։ Առաջինը՝ քիչ ճանապարհածախսն է, նրանք մի քանի ժամում քիչ գումարով գալիս են այստեղ, չնայած հնարավորություն ունեն գնալ նաև Դուբայ, որն այս դեպքում ավելի ծախսատար է: Երկրորդ՝ գալիս են մեր երկիր, որովհետև ԱՄՆ դեսպանատուն կա, որտեղից ԱՄՆ մուտքի վիզա են ձեռք բերում: Հիմնական պատճառները սրանք են»,- հայտնեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ գներից էլ այդքան դժգոհ չեն, սակայն Վրաստանի համեմատ՝ այստեղի գները թանկ են համարում:

Տուրիզմի մասնագետ Նվարդ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրացիներին ամենաշատը հետաքրքում են 3-աստղանի հյուրանոցները և վարձով տները, որոնք անպայման պետք է լինեն Երևանի կենտրոնում. «Երիտասարդները հիմնականում վարձով տների տարբերակն են նախընտրում, որտեղ ավելի ազատ են զգում իրենց և ավելի քիչ վճարում»:

Ինչ վերաբերում է նրանց հետաքրքրություններին, արդեն հասկանալի է, որ ժամանցային կենտրոններ են ամենաշատն այցելում, չնայած կան նաև քիչ թվով իրանցիներ, որ արձակուրդային 7-10 օրերը ցանկանում են օգտագործել նաև Հայաստանի մշակույթին ծանոթանալու համար: Ըստ Զաքարյանի՝ հիմնականում այցելում են Գառնի, Գեղարդ, Սևան։

Երևանում թանգարաններ կամ այլ մշակութային օջախներ չեն հաճախում, նախընտրում են գնումներ անել մոլերում,  այցելել փաբեր, գիշերային ակումբներ և ռեստորաններ. «Եթե հաշվի առնենք, որ նրանք գալիս են զվարճանքի, ուրեմն նորմալ է նրանց ընտրած ժամանցային մենյուն»:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրանցիները Երևանում իրենց լավ են զգում և դրսևորում են այլ վարք։ Ու եթե մենք՝ հայերս, այդքան էլ լավ չվերաբերվենք իրանցի զբոսաշրջիկներին, նրանք կգնան հարևան Վրաստան կամ այլ երկիր. «Տհաճ դեպքեր են լինում՝ մեր աղջիկների և կանանց հետ կապված։ Իհարկե, նման դեպքերը հանդուրժել պետք չէ, սակայն բողոքելու և դժգոհելու դեպքում էլ Հայաստանը փակ երկիր կդառնա՝ ինքն իր համար: Եվրոպական քաղաքներում, ասենք՝ Ֆլորենցիայում, եթե տեղի բնակիչներին հարցնենք, նրանք ևս շատ կբողոքեն տուրիստներից: Իրանցիներին վանելով՝ մենք կզրկվենք գումարային ներհոսքից և շփումից»:

Սոցիոլոգի խոսքով, պետք է հաշվի առնել, որ սա բիզնես է, երկրում աշխատում է սպասարկման ոլորտը, որպես երկիր՝ պետք է շահագրգռված լինենք։ Ինչ վերաբերում է բնակչությանը, երկրում ապրում են 97 տոկոսը՝ հայեր, մենք մեր նիստուկացի, մշակույթի մեջ կղզիանում ենք, մեզ շփումներ են պետք, և այս իմաստով՝ պետք է բաց լինենք:

Իրանցիների` հայկական մշակույթով չհետաքրքրվելու պատճառը, ըստ Գ. Պողոսյանի, իրենց կուլտուրայից է գալիս, և բացի այդ, նրանք մեր երկիրը որպես մշակութային երկիր չեն դիտարկում:

Ի տարբերություն եվրոպացիների կամ գործուղման նպատակով Հայաստան ժամանած ռուսների՝ իրանցիներն ամենաերկարն են մնում այստեղ՝ 7 օրից մինչև 2 շաբաթ կամ ավելի։  Մոտավոր հաշվարկներով, մեկ անձը ծախսում է 700-1000 դոլար գումար: Ահա թե ինչու վերջին երեք-չորս ամսվա ընթացքում առաջին անգամ դրամ-դոլար փոխարժեքը նկատելի փոփոխության ենթարկվեց ` դրամն արժևորվեց: Դոլարի փոխարժեքը վերջին օրերին 478-483 դրամից իջել է 470-475 դրամի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս