ԵՄ-ը վերսկսում է «Անդրկասպյան» գազատարի շուրջ բանակցությունները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հնարավորություններ է փնտրում եվրոպական ընկերությունների ներգրավմամբ Թուրքմենստանից Եվրոպա գազատարի նախագծի իրագործման համար: Այս մասին հայտարարել է Աշգաբադում ԵՄ-ի դեսպան Դենիս Դանիլիդիսը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը մտադիր է առաջիկա ամիսներին մեկնել Թուրքմենստան՝ «Անդրկասպյան» գազատարի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:
Մարտի 10-ին Թուրքմենստանի իշխանությունները հայտարարել են, որ ակտիվ բանակցություններ են տարվում «Անդրկասպյան» գազատարով տարեկան 10-30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու վերաբերյալ:
Գազատարը Թուրքմենստանից Ադրբեջան հասցվելու է Կասպից ծովի հատակով: Նախագծին աջակցում է ԱՄՆ-ը, սակայն Ռուսաստանն ու Իրանը դեմ են դրան: