«Սեփականատիրոջ կերպար չեմ ընդունելու, ինքս եմ աշխատելու». Արսեն Սաֆարյանն՝ իր նոր բիզնեսի մասին. Life.panorama.am
Երգիչ Արսեն Սաֆարյանը վերջերս իրականացրեց իր երազանքը՝ հանդես գալով գեղարվեստական ֆիլմում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը չթաքցրեց, որ նկարահանման հրապարակ գնացել է մեծ սիրով և հուսով է՝ պրեմիերայից հետո միմյանց կհաջորդեն նոր առաջարկները:
-Արսեն, կարծեք թե գերզբաղված եք՝ կինո, երգարվեստ:
-Այո, նկարահանվել եմ ֆիլմում, որի պրեմիերան, հավանաբար, կլինի ապրիլ ամսին: Այն կոչվում է «Երազանք 19:27»: Սա ինձ համար, բնականաբար, դեբյուտ է, առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը Հարություն Մարտիրոսյանն է, տնօրենը՝ Տիգրան Բերբերյանը, ռեժիսորը՝ Դավիթ Սիմոնյանը, օպերատորը՝ Վարդգես Մանուկյանը: Խաղընկերներս են Լևոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արտաշես Մխիթարյանը:
-Որքան հասկացա, կատակերգական ժանրի ֆիլմ է:
-Կարելի է ասել բարի, հումորային ու հետաքրքիր ֆիլմ է լինելու:
-Գլխավո՞ր հերոսի եք մարմանվորելու:
-Գլխավոր դերերից մեկն է իմ դերը: Բոլոր տեսարաններում չկամ, բայց ֆիլմի վերջում հասկանում են իմ կերպարի նշանակությունը. ես հրաշագործի դերում եմ, ով իրականեցնում է երազանքներ: Հետաքրքիր ու առեղծվածային կերպար է, ով չգիտես ինչպես և ոնց, հայտնվում է այս կամ այն տեղում:
-Իսկ ի՞նչ է Ձեր հերոսի անունը:
-Պատկերացրեք, որ անուն չունի: Նա անորոշ է, անանուն ու առեղծվածային:
-Խաղընկերներից ո՞ւմ հետ էր առավել հետաքրքիր հայտնվել տեսախցիկի առջև:
-Ցավոք, չես կարող բոլորի հետ հայտնվել տեսախցիկի առջև: Բայց ասեմ, որ ինձ համար հետաքրքիր էր Անդրանիկ Հարությունյանի խաղը: Նրան տեսել ենք բեմին, էկրանին, բայց նկարահանման ընթացքում ես «թուլանում» էի, երբ իր կտորն էր հասնում: Հասկանում ես, որ իրականում գործ ունես երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ դերասանի հետ: Շատ եմ ափսոսում, որ Լևոն Հարությունյանի հետ չունեցանք ընդհանուր տեսարաններ:
-Թեև Ձեր վերջին տեսահոլովակները փոքրիկ ֆիլմեր են հիշեցնում, սակայն գեղարվեստական ֆիլմում դերասանի կարգավիճակում հանդես գալը բոլորովին այլ բան է: Դժվար չէ՞ր:
-Գիտեք, տեսահոլովակում մի քանի վայրկյան ունես արտահայտվելու համար, թեև դա էլ հեշտ չէ: Բայց այստեղ բավական դժվար է: Ֆիլմում խաղալով՝ ես հասկացա, թե իրականում որքան ուժեղ դերասաններ ունենք մենք, թեև նրանք մեծ հնարավորություններ չունեն հանդես գալու իրենց ողջ տաղանդով ու կոլորիտով: Դեռ չունեն. գուցե 5-10 տարի հետո մեր ֆիլմարտադրությունն առավել զարգանա, շատ կինոներ նկարահանվեն, որ անգամ ես սկսեմ ավելի շատ նկարահանվել, քան երգել:
-Հնարավո՞ր է հրաժարվեք երգարվեստից ու նվիրվեք կինոաշխարհին:
-Գիտեք, դա այնքան էլ բնական չի ստացվի, քանի որ ես գրեթե երկու տասնամյակ երգում եմ, ինչից հրաժարվելն, առհասարակ, սխալ կլինի: Հատկապես, որ իմ երգացանկից մի քանի երգեր, կարծես թե, հաջողություն ունեցել են: Բայց ես չեմ հրաժարվի նաև ֆիլմային առաջարկներից:
-Կարելի՞ է ասել, որ դա մանկության երազանք է, երգիչ չդառնալու դեպքում կինոարվեստը կընտրեիք:
-Ոչ, չէի ասի, թե մանկության երազանք է: Ուղղակի վերջին տարիներին նման երազանք ունեի, որն իրականացավ: Արդեն մի քանի տարի է, իմ գրեթե բոլոր երազանքները, խելքին մոտ երազանքներն՝ իրականանում են:
-Սերիալային առաջարկներ չունե՞ք, մենք երգիչների հանդիպում ենք սերիալներում:
-Ունեցել եմ առաջարկներ, բայց մերժել եմ: Եթե բազմասերիանոց՝ 6, 8 կամ 10 մասից բաղկացած ֆիլմ լինի, կարծում եմ, դեմ չեմ լինի, բայց ոչ ավելի: Թեև, ասում են, որ սերիալն էլ իր յուրահատկությունն ունի: Քանի որ խոսեցինք սերիալից, ապա ասեմ, որ ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր սերիալներում պրոֆեսիոնալ դերասաններ ընդգրկվեն: Այդպես կփոխվի նաև սերիալ ասվածի որակը:
-Արսեն, ծանոթ էիք երգարվեստում շրջանառվող գումարներին, իսկ դերասանի հոնորարը Ձեզ ոգևորե՞ց: Լա՞վ են վճարում:
-Չեմ վճարվել իմ երազած գումարը, բայց քիչ էլ չեմ վճարվել: Բնականաբար, ստացել եմ լուրջ հոնորար, և՛ ես, և՛ տղաները միմյանց ընդառաջ ենք գնացել, քանի որ եղել է ընդհանուր նպատակ:
-Չե՞ք վախենում հանդիսատեսի արձագանքից: Չէ՞ որ կարող են նաև քննադատել:
-Ոչ, թե վախենում եմ, այլ ուղղակի հուզմունք կա, ինչպես առաջին անգամ բեմ բարձրանալիս է լինում: Ինձ համար շատ հետաքրքիր են արձագանքները: Անկեղծ ասած՝ չեմ ցանկանա վատ տպավորություն թողնել, քանի որ աշխատանքին սիրով եմ մոտեցել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նկարահանվել եմ:
-Իսկ դերասանների՞ խանդից. պատկերացրեք, որևէ դերասան գա Ձեր ասպարեզ ու սկսի երգել, և հանկարծ պարզվի, որ նա ձեզանից լավ է երգում:
-Ես, առհասարակ, սիրում եմ, երբ դերասանները երգում են: Դերասանի երգն ինձ ավելի շատ է հուզում, քան այն երգչի կամ երգչուհու, ում նոտաները հատ-հատ մշակված են: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
-Ձեր դեբյուտային ֆիլմում հրաշագործի եք ներկայացնելու, կյանքում է՞լ այդպիսին եք:
-Ես կարծում եմ, որ հրաշագործ եմ դառնում սիրելիներիս առիթներին, ծնունդներին, կամ, պարզապես, երբ, երբեմն, ցանկանում եմ մի լավ բան անել կնոջս ու երեխաներիս համար: Ցավոք, ամեն անգամ չեմ կարող, քանի որ, եթե «կախարդական փայտիկը» ձեռքիս լինի, ապա ո՞վ պետք է աշխատի:
-Երաժշտության բնագավառում նորություններ ունե՞ք:
-Իհարկե: Ունեմ մեկ հեղինակային երգ, մյուս երգի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը, որը կոչվում է «Երջանկություն է քեզ սիրելը»: Շատ գեղեցիկ երգ է: Երրորդ երգը շատ թեթև, ռիթմիկ երգ է, որը բարձր տրամադրություն է ապահովում: Նաև կա մեկ երգ, որը շատ գեղեցիկ դուետ է լինելու: Երգի հեղինակը Ռուզան Անդրեասյանն է, ով տաղանդավոր երաժիշտ է, նաև երգչուհի: Այս ամսվա վերջում կձայնագրվենք, նաև տեսահոլովակով կներկայանանք: Ընդհանրապես, բոլոր երգերի համար եմ ցանկանում տեսահոլովակ նկարահանել:
-Իսկ ակումբային գործընթա՞ցն ինչպես է ընթանում, չե՞ք պատրաստվում բացմանը:
-Հավանաբար, հոկտեմբեր ամսին բացումը կլինի:
-Կարաոկե՞ ակումբ է:
-Ոչ, այն լինելու է «կլուբ-ռեստորան»՝ երկու սրահով: Սրահներից մեկը, որը կգտնվի առաջին հարկում, կծառայի ուրախ առիթների, երեկոների, շոու-ծրագրերի համար, իսկ երկրորդ հարկում գտնվող սրահը՝ հեղինակային երեկոների, կենդանի երաժշտության համար: Այնտեղ նաև ես շաբաթը մեկ օր ելույթ կունենամ: Սեփականատիրոջ կերպար չեմ ընդունելու, ինքս եմ աշխատելու, երգելու և իմ օրինակով հրավիրելու եմ բոլոր երգիչ-երգչուհիներին՝ կենդանի հնչողությամբ երգելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: