ԱՄՆ-ը չի պատրաստվում ուրիշների ձեռքերով պատերազմել Ռուսաստանի դեմ. Փսակի
Ռուսական Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ուրիշների ձեռքերով պատերազմ մղել Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դեմ:
Փսակին մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևը, որում նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տրվում պաշտպանական մահաբեր սպառազինության մատակարարումներ սկսել Ուկրաինային.
«Կոնգրեսն օժտում է գործելու լիազորություններիվ և ոչ թե հավանության է արժանացնում որևէ գործողութուն: Այս կամ այն որոշումն ընդունելը նախագահի կամքն է:
Բնականաբար մեր նպատակն ու ցանկությունն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինայում գործող ռուսամետ անջատողականները խստապես կատարեն Մինսկյան համաձայնագրերը: Եվ մենք շատ կցանկանայինք, որ դա իրագործվեր:
Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի կամ մեկ այլ պետության դեմ պատերազմ մղել օտարների ձեռքերով: Դա վերաբերվում է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին: Վաշինգտոնը դիտարկում է տարբեր տարբերակներ՝ կախված տեղի ունեցող դեպքերից:
Սակայն դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն անպայմանորեն սկսելու է զենք մատակարարել Ուկրաինային, եթե չիրագործվեն Մինսկյան համաձայնագրերը: Մենք համարում ենք, որ անհնար է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մենք խոսում ենք միայն պաշտպանական և ոչ թե հարձակողական զենքի մասին:
Սակայն մեր նախագահն ու մենք բոլորս կշռում ենք տարբեր գործոններ, քննարկում ենք, թե որքանով է ճիշտ այդ կամ այն քայլը, թե որ որոշումը կմոտեցնի հակամարտության ավարտը: Դա բավական խճճված պահ է:
Գոյություն ունեն բազմաթիվ այլ գործիքներ՝ նոր պատժամիջոցների սահմանում, բանակցություններ մեր արտաքին գործընկերների հետ, այլ միջոցներ, եթե Ռուսաստանն ու ռուսամետ անջատողականները շարունակեն գնալ Ուկրաինայում ագրեսիայի ճանապարհով:
Լինում են պահեր, երբ Մինսկյան համաձայնագրերը պահպանվում են ամեն դեպքում: Սակայն ավելի շատ են այն դեպքերը, երբ դրանք խախտվում են: Եվ այդպիսի գործողությունները, ինչպիսիք են քաղբանտարկյալների ազատ արձակելը, զորքերի հետ քաշումը, համաձայնեցված կրակագծից նահանջը, հազվադեպ են կատարվում հստակ ու ամբողջովին:
Այսինքն, ԱՄՆ-ն ունի բավական շատ տարբերակներ՝ ներառյալ Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումները»: